Բաժիններ՝

Ինչպես են նվազում տրանսֆերտները (գծապատկերներ)

Այս տարվա օգոստոսին ֆիզիկական կողմից ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացվել են 146.3 մլն դոլարի փոխանցումներ (տրանսֆերտներ)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալներից։

Նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ, տրանսֆերտների ներհոսքը փոքր-ինչ ավելացել է, սակայն 2015 թվականի օգոստոսի համեմատ` նվազել շուրջ 13.5 մլն դոլարով։

Սա նշանակում է, որ դրամական փոխանցումների նվազման դինամիկան շարունակվում է։ Ինչպես երեւում է ստորեւ բերված գծապատկերից, ընթացիկ տարում միայն փետրվարին են տրանսֆերտները գերազանցել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

transferts-months

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի հունվար-օգոստոսին դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը կազմել է 914.4 մլն դոլար, որը 107.7 մլն դոլարով կամ 10.5%-ով քիչ է 2015 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշից։

Տարվա առաջին 8 ամիսների կտրվածքով՝ ավելի ցածր ցուցանիշ գրանցվել է 2006 թվականին՝ 728.4 մլն դոլար։ Անգամ ճգնաժամային 2009 թվականին եւ դրան հաջորդած տարում դրամական փոխանցումների ներհոսքն ավելի մեծ է եղել։

transferts-tariner

Նվազումն արձանագրվել է հիմնականում ՌԴ-ից ուղարկվող փոխանցումների նվազման պատճառով։ 2016 թվականի հունվար-օգոստոսին ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 550.5 մլն դոլար։ Դա 75.3 մլն դոլարով կամ 12%-ով ցածր է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ԱՄՆ-ից ուղարկվող փոխանցումները նվազել են շուրջ 4 մլն դոլարով կամ 3.5%-ով եւ կազմել 111.7 մլն դոլար։

Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների ստացման խոշորագույն աղբյուրը, սակայն այս երկրի տեսակարար կշիռը ընդհանուր փոխանցումների մեջ նախորդ տարիների համեմատ նվազել է եւ հասել 60.2%-ի (2016 թվականի հունվար-օգոստոսի արդյունքներով)։

ԱՄՆ-ի տեսակարար կշիռը դրամական փոխանցումների մեջ կազմել է 12.2%, իսկ մնացած երկրներինը միասին՝ 27.6%5

transferts-kshir

Նշենք նաեւ, որ նույն ժամանակահատվածում դրամական միջոցների արտահոսքը կազմել է 484.9 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ՝ Հայաստանից դուրս ուղարկվող դրամական միջոցների ծավալն աճել է 12.3 մլն դոլարով կամ 2.6%-ով։

Այսպիսով, 2016 թվականի հունվար օգոստոսին տրանսֆերտների զուտ ներհոսքը (արտահոսքի եւ ներհոսքի տարբերությունը) կազմել է 429.5 մլն դոլար։

Տրանսֆերտների զուտ ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 120 մլն դոլարով կամ 21.8%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս