«ՀՀԿ-ն մեղավոր չէ, որ ձեր փոխարեն ձայն են տվել «Հայկական վերածնունդին», ԲՀԿ-ին, «Գալային», «Լուսավոր Հայաստանին»». Էդուարդ Շարմազանով

«Այս դահլիճում չէին կարող չհնչել տարբեր գնահատականներ՝ երկու պատճառով. նախ՝ որովհետև սա քաղաքական մարմին է, և քաղաքական գործիչների մոտ մեծ է գայթակղությունը՝ ամեն հարց բերել քաղաքական դաշտ, և երկրորդը՝ հոկտեմբերի 2-ի  ՏԻՄ ընտրություններն են, և նորմալ է, որ քաղաքական գործիչներն ամբիոնից կիսվեն թե՛ իրենց օպոնենտների, թե՛ իրենց ընտրողների և չընտրողների հետ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ միայն ՀՀԿ-ին ձայն չեն տալիս, ձայն են տալիս նաև այլ քաղաքական ուժերի. «Ձայն են տվել այն քաղաքական ուժերին, ովքեր ունեն կառույցներ, տարիների պատմություն, գիտեն աշխատել այդ կառույցներում ընտրությունների ժամանակ և ներկայացնել ծրագրեր։ Անցել են արդեն այն ժամանակները, երբ ուրիշին պիտակավորելով, ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ դու կարող ես երկարաժամկետ վարկանիշ ապահովել, ընդդիմադիրներին վիրավորելով՝ դրանից որևէ մեկիս կշիռը չի կարող բարձրանալ»։

Է. Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն Վանաձորում մոտ 38 տոկոս է հավաքել, մոտ 30 տոկոս՝ Գյումրիում. «Այսինքն՝ մոտ 70 տոկոս մեր հանրությունը տվել է այլ կուսակցությունների։ Սա բազմակարծություն է։ ՀՀԿ-ն մեղավոր չէ, որ ձեր փոխարեն ձայն են տվել «Հայկական  վերածնունդին», ԲՀԿ-ին, «Գալային», «Լուսավոր Հայաստանին»։ Նախևառաջ պետք է խնդիրները ձեր մեջ տեսնեք։ Մենք մեղավոր չենք, որ մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ տարիներ շարունակ որդեգրել են մեկը մյուսին վարկաբեկելու, վիրավորելու, մեկը մյուսի հաշվին միավորներ ստանալու գործելաոճ։ ՀՀԿ-ն երբեք նպատակ չունի աշխատելու «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք, որովհետև ՀՀ-ն բոլորիս հայրենիքն է»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս