Հաղթելով ՏԻՄ-ում՝ ՀՀԿ-ն ապահովեց հաղթանակը 2017-ի ԱԺ ընտրություններում
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք խոշոր համայնքներում, բայց առաջին հերթին Գյումրիում ու Վանաձորում, որոշ չափով նաև՝ Սևանում կայացած ՏԻՄ ընտրությունները բացահայտեցին ընթացիկ քաղաքական խճանկարի արդեն իսկ հայտնի մի շարք գործոններ, որոնք, ամենայն հավանականությամբ, վճռորոշ կդառնան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են. այդ և մնացած գրեթե մյուս համայնքներում ընտրություններում առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է, ավագանու կազմում ձայները բաշխվել են մի դեպքում «Բարգավաճ Հայաստանի» ու ՀՅԴ-ի ու «Հայկական վերածնունդի» միջև, մեկ այլ դեպքում՝ ԲՀԿ-ի փոխարեն երկրորդ տեղում է հայտնվել Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը», կան գյուղական համայնքներ, որտեղ երկրորդը ՀՅԴ-ն է։ Այսինքն՝ ունենք ընդհանուր առմամբ հետևյալ պատկերը՝ ՀՀԿ-ն անվերապահ ու անխախտ առաջատար է, հազվադեպ համայքներում արտահայտված բացառություններով, որոնք ընդամենը հաստատում են նրա՝ առաջատար լինելու օրինաչափությունը։ Սա համար առաջին իրողությունն է, որից բխում է երկրորդը՝ ՀՀԿ-ի առաջատարության պայմաններում ձայներն ավագանիներում բաշխվել են 3-4 կուսակցությունների միջև՝ տարբեր համամասնություններով։
Մի դեպքում երկրորդը «Լուսավոր Հայաստանն» է, ինչպես Վանաձորում, մեկ այլ համայնքում՝ երկրորդը ԲՀԿ-ն է, ինչպես Գյումիրում։ Բայց առաջատար քառյակում անխախտ տեղ ունեն նաև ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդը»։ Այդ՝ գրեթե նույն մասնակիցներով քառյակում տեղ չունեն սակայն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր», Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունները, որոնք՝ գոնե նախընտրական շրջանում ներկայացվող ուղերձներից դատելով, եթե ոչ հաղթողի, ապա առնվազն առաջատար դառնալու հավակնություններ ունեին։
ՏԻՄ ընտրությունները՝ ընդհանրապես հանրապետության համայնքներում, բայց մասնավորապես՝ Գյումրիում ու Վանաձորում, ինչպես ընդունված է ասել, ունեն մանրակերտային նշանակություն առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ու դրանց համար։ Եվ այդպիսով ցույց են տալիս այն մոդելը, որը, մեծ հավանականությամբ դառնալու է հաղթող մոդել 2017-ի ապրիլի ընտրություններում։ Այսինքն՝ լայն ընդհանրացման դեպքում կարող ենք կանխատեսել, սխալվելու հավանականությամբ, իհարկե, որ 2017 թվակականի ապրիլին կայանալիք ընտրությունների արդյունքում կձևավորվի մոտավորապես ուժերի այնպիսի համամասնությամբ ու հարաբերակցությամբ խորհրդարան, ինչպիսին կարելի է ստանալ, ասենք, Գյումրիի ու Վանաձորի ընտրական արդյունքների միախառնումից կամ միջինացումից։
ՀՀԿ, ԲՀԿ,ՀՅԴ,«Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան»։
Առաջիկա 5-6 ամիսների քաղաքական զարգացումները, ընտրական կամպանիաներն ու այլ գործոններ, իհարկե կարող են փոփոխություններ մտցնել ուժերի թվարկված հերթականության մեջ, 2-րդը կարող է լինել ոչ թե ԲՀԿ-ն, այլ ՀՅԴ-ն, կամ «Լուսավոր Հայաստանը» կարող է առաջ անցնել «Հայկական Վերածնունդից», բացառված չէ՝ վերջինս՝ նախընտրական լավ քարոզչության դեպքում առաջ անցնի ԲՀԿ-ից, հնարավոր է՝ անգամ ՀՅԴ-ից։
Ասվածը չի նշանակում նաև, թե որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի կարող հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու 5 կամ 7 տոկոսանոց արգելքը։
Իհարկե, կարող է ու շատ հավանական է, որ ընտրություններից երկու-երեք ամիս առաջ կտեսնենք կամ գործող, սակայն մինչ այս պահը ոչ այնքան ակտիվ կուսակցությունների ակտիվացում, կամ՝ ինչու ոչ՝ գուցե նաև նոր միավորումների ծնունդ՝ այնպիսի ձևաչափերով, որպիսիք կհամապատասխանեն ընտրություններին մասնակցելու համար օրենքով ներկայացվող պահանջներին։
Այսինքն՝ հնարավոր է, որ ՏԻՄ ընտրություններում արձանագրված առաջատար հնգյակում փոփոխություններ լինեն ու Գյումրիում կամ Վանաձորում լավ արդյունք արձանագրածներից մեկը խորհրդարանական ընտրություններում չհաջողի այնպես, ինչպես համայնքայինում՝ տեղը զիջելով, ասենք, Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում»-ին, կամ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագրին»։
Բայց դա տեսական հնարավարությանն ավելի մոտ հավանականություն է, քան իրականությանը, որն արձանագրվել է հոկտեմբերի 2-ին։ Ընդ որում, արձանագրվել է մեր ընտրական պատմության համար, եթե չասենք՝ բացառիկ արդար, բայց նախորդներից էականորեն տարբերվող արդարության պայմաններում ու գոնե տեսանելի ու արձանագրելի ընտրախախտումների գրեթե բացակայությամբ։
Այն չափով բացակայությամբ, որն, ինչպես ընդունված է ասել, կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։
2017 թվականի ընտրություններից առաջ մեզ սպասվում է հետաքրքիր նախընտրական շրջան՝ մասամբ կանխատեսելի արդյունքներով, միևնույն ժամանակ՝ անակնկալ նորարարություններով, որպիսիք, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 2-ին չհաջողած կուսակցությունները կկիրառեն խորհրդարանական ընտրություններում ձախողումից խուսափելու համար։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նրա հաղթանակն ընտրություններում, առաջատարի տեղը՝ ընտրական արդյունքներում, ապահովված է։ Ապահովված է առաջին հերթին ու գլխավորապես ընտրողների այն իրատեսությամբ, որ չնայած բոլոր դժգոհություններին, ընտության օրը ու ընտրախցում նրանք քվեարկում են առկա իրողությունների, կամ ինչպես ընդունված է ասել, ներքին քաղաքական ստատուս-քվոյի պահպանման համար, որը երևի նրանց տուրքն է ոչ թե ՀՀԿ-ին, այլ կայունության պահպանման սեփական ցանկությանը։
Մարդիկ վատ են ապրում, այդուհանդերձ իրենց վատ, սակայն գոնե տեսանելի ապրուստի շարունակականությունը գերադասում են ավելի լավ ապրելու գայթակղիչ, բայց դեռևս միայն խոստումների մակարդակով ներկայացվող տեսլականներին։ Հենց դա, այսինքն՝ մարդկանց, ընտրողների իրատեսությունն է երաշխավորում իշխանության հաղթանակը ինչպես ՏԻՄ ընտրություններում, որոնք արդեն կայացել են, այնպես էլ Ազգային Ժողովի ընտրապայքարում, որոնք կայանալու են գալիք գարնանը։