Բաժիններ՝

«Ես միշտ աչքս պահում եմ Հայաստանի վրա. պատրաստ եմ գալ Արցախ և կռվել». Դերեկ Շերինյան

168.amի բացառիկ հարցազրույցն աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանի հետ

Ամերիկյան հայտնի Keyboard Magazine-ը 2011թ. նրան հռչակեց՝ որպես «նոր սերնդի ստեղնաշարային հերոս», Guitar World-ը՝ «ստեղնաշարային գործիքների արքա»:

168.am-ի զրուցակիցը ստեղնաշարային գործիքներ նվագող նոր սերնդի լավագույն ներկայացուցիչներից է, երաժիշտ, ով իր երաժշտական կարիերայի ընթացքում համագործակցել է Էլիս Քուփերի, Բիլի Այդոլի, Ինգվի Մալմսթինի, Alice in Chains, Kiss խմբերի հետ:

Նա աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ թմբկահարներ Սիմոն Ֆիլիպսն ու Բրայան Տրիչին, կիթառահար Սթիվ Լուկատերը, բաս կիթառահարներ Բիլլի Շիհանն ու Տոնի Ֆրանկլինը, ջութակահար Ջերի Գուդմենը, ռոք կիթառահարներ Զակ Վայլդը և Ալ Դի Մեոլան:

Կարդացեք նաև

1994-1998թթ. եղել է աշխարհահռչակ Dream Theatre խմբի անդամը: Նա պրոգրեսիվ Planet X խմբի հիմնադիրն է, Black Country Communion-ի հիմնադիրներից մեկը:

14522056_10154510764489454_82057816_o

Դերեկ, ումի՞ց եք ժառանգել Ձեր երաժշտական տաղանդը: Արդյոք Ձեր նախնիների մեջ եղե՞լ են երաժիշտներ: Որտեղի՞ց ստեղնաշարային գործիքների հանդեպ սերը:

– Ես իմ ընտանիքի միակ երաժիշտն եմ: Այն տանը, որտեղ ես մեծանում էի, դաշնամուր կար: Ես դաշնամուր էի նվագում այն ժամանակ, երբ արդեն այնքան մեծ էի և կարող էի հասնել աթոռին:

Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Պարզվում է՝ Հայաստանում չափազանց հայտնի լուսանկարում, որում երկու երիտասարդ կանայք են պատկերված, աջում կանգնածը Ձեր տատիկն է՝ Եղիսաբեթ Յազիջյանը: Կպատմե՞ք այդ լուսանկարի պատմությունը:

14550893_10154510761874454_684591925_o

– Շերինյանների կողմից իմ ընտանիքը Սիվասից (Արևմտյան Հայաստան, քաղաք Սեբաստիա) է: 1902թ. երկու մորմոն միսիոներներ են գալիս Սիվաս: Նրանք մարդկանց տեղեկացնում են, որ թուրքերը պատրաստվում են սպանել հայերին, և նրանք պետք է փախչեն: Շերինյաններն ու երկու այլ ընտանիքներ հեռանում են ԱՄՆ Յուտա նահանգի Փրայս քաղաք և դառնում մորմոններ: Նրանք բոլորն աշխատում էին աղի հանքերում և այնտեղի պողպատի ընկերություններում: Իմ մեծ պապը՝ Արմենակ Շերինյանը, Յուտա է գաղթել ավելի ուշ՝ 1908 թվականին:

derek-1

Իմ տատի՝ Մարիամի կողմից պատմությունը բավականին վավերագրված է: Եղիսաբեթ Սուլթանյանը (լուսանկարում՝ զենքը ձեռքին կանգնած կինը՝ աջից) իմ մեծ տատն է (Մարիամի մայրը), ով կռվել է ինքնապաշտպանական ջոկատում: Եղիսաբեթը որոշել էր մնալ և կռվել թուրքերի դեմ իր ամուսնու հետ, ով բարձրաստիճան զինվորական սպա էր: Մարիամի անվտանգության համար նա համաձայնեց, որ իր ավագ զարմուհին՝ Յուղաբերը, և նրա ամուսինն իր դստերը տանեն Ամերիկա՝ վտանգից հեռու: Ծրագիրն այնպիսին էր, որ Եղիսաբեթը պատերազմից հետո ավելի ուշ պետք է միանար դստերն Ամերիկայում

Յուղաբերն ու նրա ամուսինը, Եղիսաբեթից երկար ժամանակ լուր չունենալով, որոշում են, թե նա մահացել է, և, ի վերջո, համաձայնում են գումարի դիմաց 1915-ականներին որդեգրման հանձնել երեխային Բոստոնի հարուստ հայ անզավակ ընտանիքներից մեկին՝ Մանուկյաններին: Մանուկյաններն ավելի ուշ իմ տատիկին անվանում էին «20 հազար դոլարանոց երեխա»: Նրանք իմ տատիկին զգուշացրել էին, որ, եթե ինչ-որ անծանոթներ գան և հայտնեն, թե նրա ծնողներն են, չհավատա նրանց: Երկար տարիներ հետո՝ 70-ականների սկզբին, Յուղաբերը, խղճի խայթից տանջվելով, թե ինչպես է վարվել Եղիսաբեթի հետ, ինչ-որ ձևով կապվում է Մարիամի հետ, կազմակերպում նրա տեսակցությունը Մարիամի հետ, բայց Մարիամը հրաժարվում է ընդունել իր մորը: Եղիսաբեթն իր կյանքի մնացած մասն ապրում է Մոսկվայում և մահանում կոտրված սրտով: Նա թաղված է Երևանում:

derek-3

Ներկայումս աշխարհը լի է ագրեսիայով, ատելությամբ: Ի՞նչ եք կարծում` այդ ամենն ազդո՞ւմ է երգիչների հոգեվիճակի և նրանց ստեղծագործությունների վրա:

– Իմ ստեղծագործությունները գործիքային են, այսպիսով, այնտեղ չկան բառեր: Իմ երաժշտությունն արտացոլումն է այն ամենի, ինչ ես զգում եմ ներսումս, հոգեկան վիճակի արտացոլումն է, այն փոխվում է՝ կապված իմ հոգեվիճակի հետ:

Դերեկ, հետևո՞ւմ էիք ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Խոսքը քառօրյա պատերազմի մասին է:

– Իհա՛րկե հետևում էի: Ես պատրաստ եմ գալ-կռվել այդ տականքների դեմ:

derek-8

derek-10

Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ, արդյոք հետևո՞ւմ եք Հայաստանի քաղաքական կյանքին:

– Ես միշտ աչքս պահում եմ Հայաստանի վրա: Իմ լավ ընկեր Կարեն Կարապետյանը վերջերս նշանակվել է Հայաստանի վարչապետ: Ես գիտեմ, որ Կարենը սիրում է իր երկիրը, և Հայաստանն առաջին տեղում կդնի իր որոշումներում:

14569069_10154510762324454_1384602285_n

ԱՄՆում շուտով նախագահական ընտրություններ են, ունե՞ք արդյոք նախընտրած թեկնածու։

– Ես չեմ սիրում խոսել քաղաքականությունից:

Այսօր բազմաթիվ երաժիշտներ օգտվում են նոր տեխնոլոգիաներով տրված հնարավորություններից: Այդ տեխնոլոգիաներն օգնո՞ւմ, թե՞ խանգարում են:

– Տեխնոլոգիաները նման են զենքի՝ կարող են լինել արդյունավետ կամ վտանգավոր: Դա կախված է նրանից, թե ում ձեռքում են գտնվում:

derek-7

Դուք Երևանում նվագել եք «Դորիանսի» համերգին: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, թե՝ «երբ լսեցի Գոռի ձայնը (Գոռ Սուջյանի,- Կ.Ղ.), մտածեցի` գրողը տանի, հիասքանչ է: Կարծում եմ՝ կկարողանամ օգնել նրանց` նոր մակարդակի հասնելու ու միջազգային ասպարեզ դուրս գալու հարցում»: Շարունակվո՞ւմ է արդյոք համագործակցությունը:

– Ես իսկապես հավանեցի Գոռին, Գագիկին և խմբի մյուս անդամներին: Կարծում եմ՝ Գոռը շատ տաղանդավոր է, այդուհանդերձ, ես շատ անհանգստանում եմ, որ նա Հայաստանում մնալով՝ որպես արտիստ՝ չի իրացնի իր ողջ պոտենցիալը: Ես անկեղծորեն զգում եմ, որ Գոռն ունի մեծ աստղի պոտենցիալ, նրան միայն խիզախություն է անհրաժեշտ դա անելու համար:

derek-5

Հայաստան այցելելու, գուցե համերգային ծրագրով հանդես գալու պլաններ ունե՞ք:

– Կան որոշ աշխատանքներ՝ կապված ծրագրերիս հետ, ես ավելի ուշ կգամ Հայաստան: Դուք կարող եք միշտ հետևել ինձ իմ dereksherinian.com կայքում:

Պատմեք առաջիկա Ձեր նախագծերի մասին:

– Ես Բըրբենքում ձեռք եմ բերել ձայնագրման ստուդիա: Այն կոչվում է Beachwood Manor Studios: Ես 2017թ. հունվարին նաև կմիանամ իմ հին՝ Black Country Communion բենդին, և գուցե որոշ շրջագայություններ դրան հետևեն:

derek-2

Դերեկ Շերինյանի երաժշտական գործունեությունը

Հանրահայտ Dream Theater խմբի երաժիշտներից է եղել, հայտնի երաժիշտ է ու երգահան։

Ծնվել է 1966թ. օգոստոսի 25-ին Կալիֆոռնիայում։ Նրա հայրը հայ էր, մայրը՝ հույն։ Երաժշտի մոր՝ Քերիլ Ուիլյամսոնի ընտանիքը հունական Նիսիրոս կղզուց է։ Նրա հայրը՝ իրավաբան և իրավագետ Ջորջ Արթուր Շերինյան կրտսերը՝ Դեթրոյտից։

5 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ Պատանի տարիքում Դերեկ Շերինյանն իր ունեցած երաժշտական տաղանդի շնորհիվ Բոստոնում ընդունվում է Berklee College of Music։ Անցկացնելով այդ դպրոցում 3 տարի` Դերեկ Շերինյանը ներկայանում է Jimi Hendrix’s Band Of Gypsys խմբի նախկին թմբկահար Բադի Մայլսին։ 1987թ. սեպտեմբերին Բադի Մայլսն ընդունում է Դերեկին աշխատանքի ` ռոք և բլյուզ ակումբներում համերգ տալու համար։

1989թ. Դ. Շերինյանն աշխարհահռչակ ռոք երաժիշտ Էլիս Կուպերի հետ մեկնում է տուրնեի` ի աջակցություն վերջինիս պլատինի կոչում ստացած Trash ալբոմի։ 1989-1998թթ. Դերեկ Շերինյանն Էլիս Կուպերի հետ մասնակցեց 250 համերգի, ինչպես նաև 2 ալբոմի ձայնագրությանը։

1991թ. Դ. Շերինյանն ամերիկյան հանրահայտ Kiss խմբի հետ մասնակցում է տուրնեի և ձայնագրում է Alive III ալբոմը։

derek-9

1994թ. սեպտեմբերին Դերեկ Շերինյանը Dream Theater խմբի հետ մեկնում է տուրնեի։ 6 ամիս հետո նրան առաջարկում են դառնալ Dream Theater խմբի լիակատար մասնակից։ Մասնակցելով խմբի հետ 2 համաշխարհային տուրնեի և ձայնագրելով 3 ալբոմ՝ Դերեկը բաժանվեց խմբից։

Dream Theater խմբից բաժանվելուց հետո Դերեկ Շերինյանն ավստրալացի թմբկահար Վիրջիլ Դոնատիի և կիթառահար-վիրտուոզ Տոնի Մակալպինի հետ ձայնագրում է Planet X ալբոմը, իսկ որոշ ժամանակ անց երաժիշտները ստեղծում են նույնանուն խումբը` Planet X-ը, որի հետ Դերեկը ձայնագրում է 3 ալբոմ։

2001թ-ին Դերեկ Շերինյանը Black Utopia ալբոմի շրջանակներում համագործակցում է թմբկահարներ Սիմոն Ֆիլիպսի և Բրայան Տրիչիի, կիթառահար Սթիվ Լուկատերի, բաս կիթառահարներ Բիլի Շիհանի և Տոնի Ֆրանկլինի, ջութակահար Ջերի Գուդմենի, ռոք կիթառահարներ Ինգվի Մալմսթինի և Զակ Վայլդի և ջազ-ֆյուժն կիթառահար Ալ Դի Մեոլայի հետ։

2009թ. Դ. Շերինյանը համագործակցում է ամերիկյան Alice in Chains ռոք խմբի հետ՝ վերջինիս Black Gives Way to Blue ալբոմի շրջանակներում։

2010թ. Շերինյանը միանում է Black Country Communion ռոք-սուպերխմբին՝ Գլեն Հյուզի, Ջեսոն Բոնհեմի և Ջո Բոնամասսայի հետ։

Այժմ Դերեկն ապրում է Հոլիվուդ Հիլզում, որտեղ գործում է նրա ձայնագրման ստուդիան՝ «Leopard Room»։ Այնտեղ նա ձայնագրում է իր բոլոր սոլո նախագծերը և «Planet X»-ի նախագծերը, ինչպես նաև՝ զբաղվում սկսնակ խմբերի պրոդյուսինգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս