«Զինվորական նախարարության ղեկավարը պետք է զինվորական լինի». Վովա Վարդանով

Խոսելով Պաշտպանության նախարարությունում սպասվող հնարավոր փոփոխությունների մասին՝ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե շատ կարևոր է, որ Պաշտպանության նախարարը լինի զինվորական։

«Եթե Սեյրան Օհանյանին հանեն, պետք է դնեն իրենից լավին, իրենից լավ նախարար ես դեռ չեմ տեսնում, գուցե ինչ-որ մեկը գա ու դառնա իրենից լավը, բայց ես դեռ չեմ տեսնում։ Եթե զինվորական նախարարության  Սեյրան Օհանյանին փոխեն, ցանկալի կլինի, որ նա լինի ոչ պակաս փորձ, գիտելիքներ ունեցող զինվորական։ Պարտադիր է դա, որովհետև մենք ոչ Ֆինլանդիա ենք, որ կին են բերում դնում նախարար, ոչ էլ եվրոպական երկրներ, որոնք հարյուրավոր տարիներ ինքնուրույն չեն պատերազմել։ Մենք այդ վիճակում չենք, մենք ուղղակի պարտավոր ենք հաշվի առնել մեր ռեալիաները, մենք երկու կողմից հակառակորդ ունենք։ Այդ պարագայում ոչ զինվորական նախարար դնելը, կարծում եմ, սխալ կլինի»,- նշեց Վ. Վարդանովը։

Ի պատասխան դիտարկմանը, թե շրջանառվում է, որ ամենահավանական թեկնածուն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է, և կարծիքներ կան, որ նախարարն ավելի  շատ քաղաքականություն որոշողն է լինելու, և այդքան էլ կարևոր չէ նրա զինվորական լինելը, Վ. Վարդանովը պնդեց, որ շատ կարևոր է, որ նախարարի պաշտոնում լինի զինվորական մարդ։

Մեր զրուցակցի խոսքով՝ նախկին զինվորական, բավականին բարձր գիտելիքներով օժտված Սեյրան Օհանյանին պետք է փոխարինի նրան ադեկվատ կամ ավելի բարձր գիտելիքներ ունեցող թեկուզ՝ նախկին զինվորական, որը, ըստ նրա, Վիգեն Սարգսյանը չէ. «Ինքը, կարող է, հիանալի ղեկավար է, ու ՀՀ նախագահ էլ շատ լավ լինի, մենք երջանիկ, չաղ ու բախտավոր ապրենք, բայց պատերազմող երկրում զինվորական նախարարության ղեկավարը պետք է լինի համապատասխան գիտելիքներ ունեցող։ Միգուցե ձեր ասած մարդը կամ մի ուրիշ մարդ գա, թուրքերը մեզ մի քանի տարի հանգիստ թողնեն, մինչև նա մտնի այդ ամենի մեջ, սկսի շատ լավ հասկանալ, ու 3 տարի հետո ինքը 47 հազար անգամ ավելի լավը լինի, քան ցանկացած զինվորական, բայց մեր հարևանները մեզ այդ ժամանակը չեն տրամադրում, Ալիևը և Էրդողանը մեզ այդ ժամանակը չեն տա»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս