Զարմանալի զուգադիպություն. կամ` Կարեն Կարապետյանն անցնում է գործի
Օրերս Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է միանգամից 0.5 %-ով, այն դեպքում, երբ նախկինում, չնչին բացառություններով, գլխավոր դրամատունն այդ նորմատիվը նվազեցնում էր առավելագույնը 0.25 %-ի չափով։ Իսկ մի քանի օր առաջ էլ ԿԲ-ն նվազեցրել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը` 20%-ից դարձնելով 18%։
Ընդ որում` ԿԲ այս որոշումներին գրեթե զուգահեռ` վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը։ «Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք` նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն` տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով։
Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- ասել է Կ.Կարապետյանը` բանկիրներին առաջարկելով մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը, այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը։
Վարչապետի և բանկիրների այս հանդիպման ֆոնին շատերի համար դժվար է բացառել, որ ԿԲ որոշումներն ավելի շատ քաղաքական բնույթի են։ Թե որքանո՞վ դրանք ազդեցություն կունենան տնտեսության ակտիվացման առումով, կերևա ապագայում՝ Սակայն հարց է, թե ինչո՞ւ ԿԲ-ն դա չէր անում ավելի շուտ ու դրանով չէր աջակցում նախորդ կառավարությանը։
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «168 Ժամի» հետ զրույցում վարչապետի մոտ կայացած հանդիպումն ու ԿԲ որոշումները «զարմանալի զուգադիպություն» որակեց։ Ըստ նրա` արտառոց փոփոխություն տեղի չէր ունեցել մեր տնտեսության մեջ, և նախկին կառավարության հրաժարականից հետո պարզ դարձավ, որ կարելի է այս տոկոսադրույքներն իջեցնել. «Իրավիճակը պարզ էր մայիսից, տարվա ընթացքում այդ ամենը տեսանելի էր, տնտեսության ծավալները կրճատվում էին, վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրները բավականին թեթևացել էին, և ինֆլյացիան այլևս խնդիր չէր։ Տնտեսությունը խթանելու միակ ձևը վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն էր, որին մի քանի անգամ դիմել էին տարվա ընթացքում։ Ամենակարևորը, իհարկե, բանկերին անհրաժեշտ էր հնարավորություն տալ ավելի շատ ֆինանսական աջակցություն ցույց տալ, իսկ վարկավորման համար անհրաժեշտ է ազատ միջոցներ տրամադրել, որը կատարվեց։ Ինձ համար զարմանալի էր, թե ԿԲ-ն ինչո՞ւ դրան չի գնում։
ԿԲ-ն հիմնավորում էր, թե դեռևս վստահ չեն։ Բայց նոր կառավարության դեռևս ձևավորման պրոցեսի ընթացքում տեղի է ունենում այս քայլը, հատկապես` նորմատիվների իջեցումը շատ էական նշանակություն ունի բանկերի համար, և մոտ 1 տարի է, որ չէին անդրադառնում դրան։ Այսինքն` իրավունք ունենք ԿԲ այս որոշման ետևում տեսնել ավելի շատ քաղաքական որոշում, որովհետև որպես տնտեսական որոշում` դա վաղուց հասունացել էր։ Եվ սա մեծ աջակցություն կարող է դառնալ այս նոր կառավարությանը»։
Հարցին, թե արդյոք այս տոկոսադրույքնե՞րն էին մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ բանկերի հաշվետվությունները` շահութաբերություն, վերադարձելիություն և այլն, ցույց են տալիս, որ համակարգում ճգնաժամային երևույթներ են սկսվում, այսինքն` տնտեսական ճգնաժամը փոխանցվում է բանկային համակարգ։ Ըստ նրա` պատճառն այն է, որ ոչ թե էժան դրամի պակաս կա, այլ լուրջ և մեծ ներդրում պահանջող ծրագրերի պակաս կա, գործարարները չեն համարձակվում ռիսկի դիմել, սպասելիքները քիչ են` մեր շուկայի փոքրության, արտահանման հետ կապված խնդիրների պատճառով. «Ամենակարևոր ռիսկը քաղաքականն է։
Օրինակ` մրցակցային դաշտի փոփոխություն, կոռուպցիայի դեմ պայքար, և այլ նման ազդակներ դեռևս չկան, իսկ բիզնեսը դա ավելի լավ է զգում, քան կարող ենք պատկերացնել։ Երբ բիզնեսը զգա, որ խաղի կանոններն այլևս փոխվել են, և ազատությունն ավելացել է, այդ ժամանակ ԿԲ-ի այս քայլերը կարող է նաև նպաստեն ներդրումների, տնտեսության աճին»։
ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի կարծիքով` դրամավարկային քաղաքականություն իրականացնողը ԿԲ-ն է, և ինքն է որոշում համապատասխան գործիքները, որով աշխատում են։ Կարեն Կարապետյանի վարչապետության հետ կապը, ըստ Գ.Արսենյանի, այնքան է, որքան աշխարհում ամեն ինչ է փոխկապակցված, բայց պաշտոնական կադրային նշանակումն ուղղակի ազդեցություն չի ունենում վերաֆինանսավորման տոկոսադրույքի և պահուստավորման նորմատիվի փոփոխության վրա։ Իսկ տնտեսական զարգացումը, նշեց Գ.Արսենյանը, խթանում է արտադրողականության բարձրացումը, աշխատատեղերի ավելացումը, սպառման մեծացումը, և այլն։
ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանի գնահատմամբ` ԿԲ որոշումների արդյունքում բանկերի մոտ ավելի շատ ռեսուրսներ կազատվեն և ավելի շատ հնարավորություն կլինի տնտեսության ֆինանսավորման համար։ Սակայն, ըստ նրա, դա իր բացասական կողմն էլ ունի` կարող է գնաճ տեղի ունենալ և դրամի արժեզրկում սկսվել.
«Բայց այսօր ավելի շատ պետք է տնտեսության ֆինանսավորման ուղղությամբ աշխատել, փող մտցնել, զգալի նվազած շրջանառությունը բարձրացնել»։
Անդրադառնալով Կ.Կարապետյանի և բանկիրների հանդիպմանը և ԿԲ որոշումների փոխկապակցվածությանը` Գ.Նուշիկյանը նշեց, որ նախորդ կառավարության ժամանակաշրջանում ևս արվում էին նման քայլեր, օրինակ` նույն պահուստավորման տոկոսադրույքը զգալի իջել էր` 24%-ից դառնալով 20%, և այժմ էլ` 18%. «Գուցե պայմանավորված է, գուցե` ոչ, բայց դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ երկրի վիճակը լավանա, ժողովրդի վիճակը բարելավվի։ Անունը կդնենք Պողո՞ս, Պետրո՞ս, թե՞ Կիրակոս, կարևոր չէ»։