Բաժիններ՝

Տարած-ետ բերած էկոնոմիկան – 2

Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել Էկոնոմիկայի նախարարությունը Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն վերանվելու լուրը, երբ հայտնի դարձավ, որ դա էլ վերջնական տարբերակը չէ։ Ինչպես արդեն նշել ենք, կառավարությունը վերջին պահին մտափոխվել է և ԱԺ արտահերթ նիստին ներկայացված «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով այս գերատեսչության համար այլ անվանում է առաջարկել՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։

Պատգամավորները, ոչ այնքան բուռն, բայց քննարկում էին անվանափոխությունների հարցը։ Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ արտահանումների ոլորտն անուշադրության է մատնվել, և ավելի ճիշտ կլիներ, եթե նախարարությունը կոչվեր այսպես՝ Էկոնոմիկայի, զարգացման և առևտրի նախարարություն։

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անընդունելի համարեց «էկոնոմիկա» բառը՝ նշելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու 2008 թվականին՝ Ներսես Երիցյանի նշանակման ժամանակ «էկոնոմիկա» բառը վերադարձավ (մինչ այդ՝ Կարեն Ճշմարիտյանի օրոք, գերատեսչությունը կոչվում էր Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն)։ Միքայել Մելքումյանն ընդհանրապես դեմ էր որևէ գործառույթ անվանման մեջ շեշտելուն։ Այսինքն՝ «ներդրումներ» բառն ավելորդ է, որովհետև ըստ պատգամավորի՝ այդ բառն անվանման մեջ դնելով՝ ներդրումները չեն ավելանա։

Արդյո՞ք այդքան կարևոր է՝ ինչպես է կոչվում այս կամ այն նախարարությունը։ Մեծ հաշվով, իհա՛րկե ոչ, որովհետև կառույցի արդյունավետությունը նախևառաջ՝ պայմանավորված է այլ գործոններով։ Բայց ինչ խոսք, ամեն դեպքում նախարարության անվանումը պետք է արտացոլի այն, ինչով զբաղվում է տվյալ կառույցը։ Նախորդ հրապարակման մեջ այս մասին խոսել ենք, սակայն կարծում ենք՝ դեռ որոշ պարզաբանումների կարիք կա։

Կարդացեք նաև

Նախ՝ «էկոնոմիկայի» մասին։ Ըստ էության, «Էկոնոմիկա» բառի օգտագործումն անվանման մեջ այնքան էլ ճիշտ չէր։ Այն պարզ պատճառով, որ հայերենում «էկոնոմիկա» բառ գոյություն չունի։ Ու եթե անգամ օգտագործվել է մասնագիտական գրականության մեջ, օգտագործվել է «տնտեսագիտություն» իմաստով (ասենք, աշխատանքի էկոնոմիկա)։ Իհարկե, տնտեսագիտության նախարարություն չի կարող լինել, թարգմանաբար՝ այն պետք է լիներ տնտեսության նախարարություն, սակայն այդպես էլ լավ չի հնչում։

Ընդհանրապես, նախարարության գերակա խնդիրը կամ գործառույթը յուրաքանչյուր նախարարության անվանման մեջ ներառելով՝ կարելի է զավեշտալի իրավիճակ ստանալ։ Ասենք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է դառնալ Արգելափակված դռների բացման և բնակելի տարածքներում հայտնաբերված օձերի հեռացման նախարարություն, որովհետև նախարարության պաշտոնական լրահոսի մեծ մասն այս մասին հաղորդագրություններն են։ Կամ՝ Գյուղատնտեսության նախարարությունը կարելի է վերանվանել Խաղողի մթերման և մթերված խաղողի գումարների վերադարձով զբաղվող նախարարություն։ Այսինքն՝ նախարարության անվանումը չափից դուրս նեղացնելը սխալ է։ Արդյո՞ք դրա համար (կամ միայն դրա համար) կառավարությունը վերջին պահին որոշեց անվանման միջից հանել «Ձեռնարկատիրության աջակցությունն» ու դրա փոխարեն՝ ընտրել ավելի լայն՝ «Տնտեսական զարգացումը»։

«Էկոնոմիկայի նախարարության անվանափոխության դեպքում էկոնոմիկան չի վերանում, բայց ներդրողին ազդակ ենք տալիս, որ սա այն օղակն է, որ գործարարի ձեռքը բռնած՝ անցնելու է, որ խոչընդոտ չստեղծեն: Իսկ գործարարին աջակցելու համար ռեալ պետք է ունենալ էկոնոմիկա»,- ասել էր վարչապետը։ Այսինքն՝ անվանման փոփոխությունն ավելի շատ մեսիջ է՝ ուղղված գործարարներին։

Իսկ արդյո՞ք դա լավ մեսիջ է։ Առաջին հայացքից՝ այո, սակայն ավելի խորը մտածելու դեպքում՝ ոչ այնքան։ Անվանման մեջ ընդգծելով, որ նախարարությունը պետք է աջակցի ձեռնարկատիրությանը՝ տպավորություն է ստեղծվում, որ մյուս բոլոր պետական մարմինները հակառակով են զբաղված՝ խանգարում են ձեռնարկատերերին։ Նույն կերպ ներդրումներն են. դրանք նախարարության անվանման մեջ այնպես են «դիրքավորված», որ ենթագիտակցորեն հասկանում ես` ներդրումները խոցելի վիճակում են, մյուս բոլոր մարմինները զբաղված են ներդրումների արգելակմամբ, և այս մեկ նախարարությունը հատուկ վերաբերմունք է ցուցաբերելու ոլորտի նկատմամբ՝ պաշտպանելով մյուսների ոտնձգություններից։

Միգուցե իրականում հենց այդպես էլ կա, քանի որ գործարարների մի ստվար մասը պետական կառույցներին ընկալում է ոչ թե՝ որպես աջակից ու գործընկեր, այլ՝ հակառակը։ Սակայն այս դառն իրողությունը նախարարության անվանման մեջ պաշտոնապես ամրագրելն այնքան էլ ճիշտ չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս