Տարած-ետ բերած «էկոնոմիկան»
Եվ այսպես, Հայաստանում տնտեսական (կամ՝ տնտեսական զարգացման) քաղաքականության մշակմամբ զբաղվող նախարարությունն այսուհետ կկոչվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն՝ Էկոնոմիկայի նախարարության փոխարեն։
«Էկոնոմիկա» բառը հերթական անգամ դուրս կգա նախարարության անվանումից։ Հերթական, որովհետև «էկոնոմիկա» բառն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է նման «դաժան» վերաբերմունքի։
Օրինակ, մինչև 1997 թվականն այս նախարարությունը կոչվում էր Էկոնոմիկայի նախարարություն։ Հետո «էկոնոմիկա» բառը դուրս եկավ անվանումից. Գերատեսչությունն անվանակոչվեց Արդյունաբերության և առևտրի նախարարություն։ 2002 թվականին պատմության գիրկն անցավ նաև «արդյունաբերություն» բառը. Գերատեսչությունը սկսեց կոչվել Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն։ Էկոնոմիկա բառը վերածնվեց 2008 թվականին, իսկ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Ներսես Երիցյանը։
Եվ այժմ՝ 8 տարի անց, «էկոնոմիկա» բառը կրկին վերացվում է։ Նախարարությունն այսուհետ կոչվելու է Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության հինգշաբթի օրվա նիստում ներկայացրել է առաջարկվող փոփոխության տրամաբանությունը։ Նա ասել է, որ «էկոնոմիկա» բառը նախարարության անվանումից հանելը չի նշանակում որ այդ գործառույթը չի իրականացվելու։
«Էկոնոմիկայի նախարարության անվանափոխության դեպքում էկոնոմիկան չի վերանում, բայց ներդրողին ազդակ ենք տալիս, որ սա այն օղակն է, որ գործարարի ձեռքը բռնած՝ անցնելու է, որ խոչընդոտ չստեղծեն: Իսկ գործարարին աջակցելու համար ռեալ պետք է ունենալ էկոնոմիկա»,- ասել է վարչապետը: Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 15-ի նիստին վարչապետ-էկոնոմիկայի նախարար «թեթև բանավեճի» ընթացքում Կարեն Կարապետյանը մի արտահայտություն արեց, որի տրամաբանական շարունակությունն է նախարարության անվանափոխությունը։ «Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որևիցե մեկն իրենց չխոչընդոտի»,- ասաց նա: Հիմա արդեն ըստ օրենքի ամրագրվում է որ նախարարության գլխավոր գործառույթը գործարարի «ձեռքը բռնած» աջակցելն է։
Արծվիկ Մինասյանը դեմ էր «էկոնոմիկա» բառը հանելուն, որովհետև, ըստ նրա, դա ավելի լայն հասկացություն է, քան ներդրումները և ձեռնարկատիրության աջակցությունը: Օրինակ՝ արտաքին առևտուրն Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների տիրույթում է, բայց անվանման մեջ չի երևում։ Սակայն Մինասյանի առարկությունը չընդունվեց, իսկ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ «էկոնոմիկա» բառը հանելով՝ շեշտադրումն է փոխվում, և, որ երկրում ինչ-որ բան անել ցանկացող գործարարն իմանա, որ հասցե ունի: Ի՞նչ է սա փոխելու։
Ըստ էության՝ ոչինչ։ Գերատեսչությունը զբաղվելու է նույն գործով՝ տնտեսական զարգացման քաղաքականության մշակմամբ (ինչպես նշված է կառավարության կայքում և ինչպես նշել է Կարեն Կարապետյանը)։ Անվանման փոփոխությունն ավելի շատ մեսիջ է՝ ուղղված գործարարներին։ Այն իմաստով, որ գործարարներն իմանան՝ կա գերատեսչություն, որի գլխավոր անելիքն իրենց աջակցելն է։
Ըստ էության, սրանում ոչ մի դատապարտելի բան չկա։ Սակայն էֆեկտի առումով՝ խիստ կասկածելի է։ Արդյո՞ք անվանումն է խանգարում, որ գործարարներն Էկոնոմիկայի նախարարությանն ու մյուս գերատեսչություններին ընկալում են ոչ թե՝ որպես աջակից ու գործընկեր, այլ՝ խանգարող ու վնասող։ Ու արդյո՞ք գործարարը կգնա անվանափոխված նախարարության «ձեռքը բռնելու»։ Դժվար թե։ Որովհետև գործարարին ետ պահող հանգամանքը ոչ թե անվանումն է, այլ՝ վստահության պակասը (կամ բացակայությունը)՝ ոչ միայն Էկոնոմիկայի նախարարության, այլ ընդհանրապես՝ պետական համակարգի նկատմամբ։
Ետ նայեք ու կտեսնեք, թե ինչ պերճաշուք ու խոսուն անվանումներով կառույցներ ու ծրագրեր ենք ունեցել անկախության 25 տարիներին ընթացքում։ Սակայն դրանց տված օգուտի բացակայության մասին վկայում է հենց այն, որ ռեալ չունենք էկոնոմիկա։
Կարճ ասած, գլխավոր խնդիրը Կառավարության նկատմամբ վստահությունը ցածրագույն մակարդակից գոնե մի փոքր բարձրացնելն է։ Այդ դեպքում գործարարի ու քաղաքացու համար ամենևին նշանակություն չի ունենա՝ ինչպես է կոչվում այս կամ այն գերատեսչությունը։ Մանավանդ, որ բոլոր գերատեսչությունների նպատակն էլ պետք է լինի բիզնեսին աջակցելը, ոչ թե խանգարելը։
Վերջում՝ Արծվիկ Մինասյանի մասին։ Ճիշտ է, հոդվածը գրելու պահին նա դեռևս էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն էր, սակայն ասուլիսում նշել էր, որ իրեն առաջարկ է եղել այլ ոլորտ տեղափոխվել։ Այսինքն, գրեթե հաստատ է, որ Արծվիկ Մինասյանը չի լինի էկոնոմիկայի, կամ արդեն՝ ներդրումների և գործարարության աջակցության նախարարը։ Արծվիկ Մինասյանն այս առումով հակառեկորդ կսահմանի՝ դառնալով Էկոնոմիկայի նախարարությունն ամենակարճ ժամանակով (մոտ 7 ամիս) գլխավորած պաշտոնյան: