Բաժիններ՝

Կառավարությունը վերջին պահին փոշմանել է. էկոնոմիկայի նախարարությունն այլ անվանում կստանա

Ինչպես հայտնի է, այսօր հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ ի թիվս այլ հարցերի, տեղ է գտել նաև «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այդ օրինագծով առաջարկվում է վերանվանել 3 նախարարություններ, իսկ քաղաքաշինության նախարարությունը ընդհանրապես հանել նախարարությունների ցանկից։

Մասնավորապես, առաջարկվում էր էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն։

ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել էր առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը: Ըստ նրա՝ Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որն օգնելու է գործարարներին, քննարկելու է նրանց կողմից բարձրացված հարցերը, առարկությունները, առաջարկությունները, նպաստելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը:

«Էկոնոմիկայի նախարարության անվանափոխության դեպքում էկոնոմիկան չի վերանում, բայց ներդրողին ազդակ ենք տալիս, որ սա այն օղակն է, որ գործարարի ձեռքը բռնած՝ անցնելու է, որ խոչընդոտ չստեղծեն: Իսկ գործարարին աջակցելու համար ռեալ պետք է ունենալ էկոնոմիկա»,- ասել էր վարչապետը։

Կարդացեք նաև

Արծվիկ Մինասյանը դեմ էր «էկոնոմիկա» բառը հանելուն, որովհետև, ըստ նրա, դա ավելի լայն հասկացություն է, քան ներդրումները և ձեռնարկատիրության աջակցությունը: Օրինակ՝ արտաքին առևտուրն Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների տիրույթում է, բայց անվանման մեջ չի երևում։ Սակայն Մինասյանի առարկությունը, կարծես, անուշադրության մատնվեց։

Բայց պարզվում է՝ կառավարությունը վերջին պահին մտափոխվել է։

Ինչպես երևում է ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակված նախագծից՝ էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի ոչ թե Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, այլ՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։

Այսինքն, կառավարությունն, ըստ ամենայնի, որոշեց չնեղացնել նախարարության գործառույթների շրջանակը և անվանման մեջ օգտագործել ավելի լայն հասկացություն՝ «տնտեսական զարգացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս