Բաժիններ՝

«Ես մտադիր չեմ դուրս գնալու, ուզում եմ այստեղ հայկական արտադրանք ներկայացնել»

2013թ.  մայիսին, Գեղարվեստի ակադեմիայի ավարտական կուրսի ուսանող Եվա Թանգյանը հանրությանը ներկայացավ՝ արդեն որպես նկարիչ-մոդելավորող՝ ցուցադրելով իր առաջին աշխատանքները: 20-ամյա Եվա Թանգյանը հիմնեց իր «Թանգյան» բրենդը՝ խթանելով հայկական արտադրանքը:
Վերջերս դիզայները ներկայացրեց թվով հինգերորդ  ցուցադրությունը:

«Թանգյան» բրենդը հիմնադրվեց  ճապոնական ոճի ութ աշխատանքով

Մինիմալիզմի կողմնակից Եվան, դպրոցն ավարտելուց հետո սկսել է զբաղվել նկարչությամբ: Այնուհետև ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի «Հագուստի մոդելավորում» բաժինը: Այս ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացեց «Tangian»  էջը, որտեղ էլ սկսեց ներկայացնել, թե ինչպես են ստեղծվում իր աշխատանքները:

Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է ինքնակրթությամբ, երկու տարի սովորել է կարի տեխնիկա (երկու տարվա աշխատանքները ներկայացրել է երկրորդ ցուցադրմանը):

Առաջին հավաքածուն ճապոնական ոճով էր. «Շատ լավ ընդունվեց, դա հերթական Գեղարվեստի ակադեմիան ավարտող ուսանողի ավարտական աշխատանք չէր: Այլ կերպ ընդունվեց, որովհետև ես էլ էի ուրիշ ձևով վերաբերվում: Ստանդարտ չէր, հին չէր, թարմ էր ու մինչև հիմա իմ ամենալավ հավաքածուն է, որն ութ լուք էր»,- ասաց նա:

eva-tangyan-18

eva-tangyan-17

eva-tangyan-15

eva-tangyan-14

Եվան հագուստ կարելիս նախ՝ կտորն է գնում, փորձում իր համար կարել, հետո դա հագնում է, լվանում, տեսնում՝ եթե որակով է, ապա առաջարկում է հաճախորդին:
Ներկայացնում է այնպիսի հագուստ, որը կլինի առօրյա, հարմար, որակով, բայց դիզայների աշխատանք. այն, ինչ կարող ես առօրյայում օգտագործել՝ լինի դիզայների գործ.

«Հայաստանում անհասկանալի է, որ առօրյա հագուստ ես կարում: Մարդիկ կարծում են, որ, եթե դիզայների ես դիմում, ապա կնունքի, հարսանիքի շոր պիտի կարես: Մարդկանց անհասկանալի է, թե ինչու հագնենք դիզայների գործ առօրյայում:
Իմ աշխատանքները մարդիկ գուցե 5-10 տարի հետո ընդունեն, երբ իրենց իդեալները կկրեն նույն հագուստը»:

Դիզայներն իր հավաքածուն կապեց  #ElectricYerevan-ի հետ

Մինչև երկրորդ ցուցադրումը՝ Եվան Անահիտ աստվածուհու պատկերով շապիկներ է կարել՝ «Come back Anahit» անվամբ. «Այդ ժամանակ Փարաջանովի 80-ամյակն էր, ու որոշեցի, որ իր ֆիլմի նման՝ Անահիտի աչքերը կարելի է ժանյակով փակել: Բոլորը մոռացել էին, որ Անահիտի կիսանդրին մեզ մոտ լինելու փոխարեն՝ գտնվում էր Լոնդոնի թանգարաններից մեկում»:

eva-tangyan-13

eva-tangyan-12

eva-tangyan-10

eva-tangyan-9

Իր՝ թվով երրորդ ցուցադրումը, որը տեղի ունեցավ Նորարար-փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ)  շենքում, Թանգյանը կապեց #ElectircYerevan-ի հետ. «Կազմակերպեցի ՆՓԱԿ-ում, քանի որ նպատակս էր՝ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են ֆեշըն շոուներով, արվեստին մոտ լինեն: Շատերը չգիտեին անգամ ՆՓԱԿ-ի տեղը: Ուզում էի, որ մարդիկ գային ու տեսնեին, թե այն ինչ վիճակում է գտնվում: Ի դեպ, իրենք միշտ պատրաստ են անվճար օգնել երիտասարդներին, և վարձակալելու համար  անգամ գումարի մասին խոսք չի լինում: Այս հավաքածուի մեջ ներկայացրեցի նաև նարնջագույնը, որը հեղափոխության գույնն է, ու կարծում էի, որ այդպիսով նորաձևությամբ հետաքրքրվողներին  ցույց կտամ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Այս ցուցադրությամբ հույս ունեի, որ ամեն ինչ լավ ավարտ է ունենալու»:

eva-tangyan-8

eva-tangyan-7

eva-tangyan-6

Երիտասարդ դիզայները փորձում է մոռացված հինը նորովի մատուցել: Կարծում է՝ մյուս դիզայներներն իրեն մրցակից չեն համարում. այդ դիզայներների համար Եվան անհասկանալի է, շատերին՝ անծանոթ. «Ցուցահանդեսին բոլորին դիմավորում էի, բայց շատերը զարմանում էին, թե ո՞վ եմ, ինչո՞ւ եմ խառնվում իրար, ինչո՞ւ եմ մարդկանց հարցնում՝ արդյոք իրենց տեղը հարմա՞ր է, թե՞ ոչ: Վերջում իմացան, որ ես եմ հավաքածուի հեղինակը»:

Հայկական արտադրանքն այստեղ չեն նախընտրում

eva-tangyan-5

«Մենք ներկայացնում ենք հայկական արտադրանք, բայց մարդիկ նախընտրում են հայտնի անունների հետևից գնալ, կամ, եթե գիտեն, որ դա դրսի դիզայների աշխատանք է՝ գնում են: Եթե ուրիշ է՝ ուրեմն լավն է: Իսկ եթե դու դուրս գնաս՝ սովորելու, քեզ կսկսեն ուրիշ ձևով վերաբերվել, բայց ես մտադիր չեմ դուրս գալու, ես ուզում եմ այստեղ ճաշակ ձևավորել, հայկական արտադրանք ներկայացնել:

Մենք այնքան սահմանափակ ենք, չզարգացած, որ մեր աչքերը չենք բացում ու տեսնում, որ հայ երիտասարդները մեծ գործ են անում: Ես բիզնեսի մարդ չեմ, և, որպես արվեստագետ՝ մտածում եմ, որ շատ լավ է, որ բիզնեսից հեռու եմ: Շատ անկեղծ եմ իմ հաճախորդների հետ, և, եթե ես հիմա ունեմ 7-10 հաճախորդ, ապա դա ինձ հերիք է, որովհետև այդ մարդիկ ինձ հետ կիսվում են, իրենց կարծիքն են ասում: Մեզ մոտ օբյեկտիվ կարծիք չկա. եթե դուրը չի գալիս՝ չի ասում, թե ինչո՞ւ դուրը չի գալիս, որովհետև պաշար չունեն, չեն խորանում, կա՛մ հավանում են, կա՛մ չեն հավանում:

eva-tangyan-4

Այստեղ չկա մի մասնագետ, որ ասի՝ թե էս ոլորտում ի՞նչ եք անում: Երևի դրսից մեկը պիտի գա ու ասի, թե ոնց աշխատենք, ինչ անենք, որ 16 տարեկան երեխային 40 տարեկան չդարձնեն»:

eva-tangyan-16

Դիզայները կարծում է, որ բանիմաց մասնագետների կարիք կա, ու, որ այս հարցում պետք է ՀՀ Մշակույթի նախարարությունը հոգ տաներ՝ արտերկրից հրավիրելով մասնագետների. «Եթե Մշակույթի նախարարություն կա, ուրեմն ինքը պետք է ինչ-որ մի բան անի, բայց փակ է: Ամեն տեղ, որտեղ որ արվեստ կա, ու ուզում ես էդտեղ մի բան անես, միշտ խոսում են գումարի մասին: Միակ բացառությունը ՆՓԱԿ-ն է, մյուս կենտրոններում, եթե ցանկանում ես ցուցադրություն, ցուցահանդես անել, ապա փողով է: Բա էլ ո՞րն է իմաստը, որ այսքան ուսանողներ են ավարտում Ակադեմիան ու ոչինչ չեն կարողանում անել: Մշակույթի նախարարությունը պետք է լուրջ զբաղվի դրանով»:

eva-tangyan-2

Մեզ մոտ պակասում է ազատ մուտքը

Վերջին՝ թվով հինգերորդ հավաքածուի ցուցադրությունը, որն ուղեկցվում էր սովետական ֆիլմերի երաժշտությամբ, Եվայի այն հավաքածուն էր, որը նա միշտ մտածել է անել, բայց այդպես էլ կիսատ է թողել: Նա վառ գույներով ներկայացրեց նորացված հինը:

eva-tangyan-1

Եվայի բոլոր ցուցադրումների մուտքն ազատ է, սահմանափակում չկա. «Շատերը կան, որ հագուստ գնելու փող չունեն, բայց հետաքրքրված են: Ես միշտ ազատ մուտք եմ գրում, որ էլ մարդիկ չմտածեն՝ «Դե ես ինչ եմ գնում…»: Մեզ մոտ պակասում է ազատ մուտքը»:

ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Եվա Մուրադյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս