Ինչպես Instagram-ը 6 աշխատակից ունեցող ստարտափից վերածվեց Facebook-ի հույսի
Երբ 2012թ. Մարկ Ցուկերբերգը որոշեց մոտավորապես 1 մլրդ դոլար ծախսել ծրագիրը գնելու համար, շատերը կարծում էին, թե սա հերթական անիմաստ գնումներից մեկն է։ Սակայն վերջին 4 տարիների ընթացքում Instagram-ը դարձել է պատմության ընթացքում ամենաարագ զարգացող պլատֆորմներից մեկը։ Forbes.ru-ն գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ առաջին հանդիպման ընթացքում Instagram-ի հիմնադիր Քևին Սիստրոմը նրան 10 լուսանկարից բաղկացած բուկլետ նվիրեց՝ փախստականներ, խաղաղ բողոք, լուսնի խավարում։ Խոսակցության ընթացքում Պապն ասել է, որ հանդիպումների ընթացքում երեխաները, ովքեր այլ լեզվով են խոսում, իրեն հաճախ լուսանկարներ են ցույց տալիս սմարթֆոններում։ Երկու շաբաթ անց նրանք կրկին հանդիպեցին, և Սիստրոմի ներկայությամբ Պապը Instagram-ում էջ բացեց, որին 4 ամսվա ընթացքում բաժանորդագրվեց 2.9 մլն մարդ, իսկ առաջին լուսանկարը, որը 10 լեզուներով մակագրվել էր՝ «Աղոթեք ինձ համար», 327.000 լայք հավաքեց։
Արդյունքում՝ Պապի ամենօրյա կյանքն ավելի մոտ դարձավ. Instagram-ում կարելի է տեսնել, թե ինչպես է Ֆրանցիսկոս Պապը հրապարակում օրհնում շներին, սփոփում հիվանդներին, սելֆիներ անում։ Instagram-ը նրան հնարավորություն է տալիս դիմել երիտասարդ լսարանին. լուսանկարների փոխանակման համար նախատեսված ծառայությունից օգտվում է ԱՄՆ-ում բնակվող 80-90-ական թթ. ծնվածների 63 տոկոսը։ Բացի Instagram-ից՝ Պապը արդեն չորս տարի գրանցված է նաև Twitter-ում, նրան բաժանորդագրված է 9,6 մլն մարդ։ Facebook սոցիալական ցանցում Պապը գրանցված չէ։
Երբ 2012թ. Մարկ Ցուկերբերգը որոշեց գնել Instagram-ը, որն այդ պահին 30 մլն օգտատեր ուներ, շատերն էին կարծում, թե սա արդյունավետ չի լինի։ Սակայն վերջին 4 տարիների ընթացքում Instagram-ը դարձել է ամենաարագ զարգացող պլատֆորմն աշխարհում. այժմ արդեն այն 500 մլն օգտատեր ունի` գրեթե այնքան, որքան Twitter-ը (310 մլն), Snapchat (100 մլն-ից ավելի) և Pinterest-ը (100 մլն)։ eMarketer-ի տվյալներով՝ 2015թ. Instagram-ի եկամուտը կազմել է մոտավորապես 630 մլն դոլար։ Իհարկե, սա համեմատելի չէ Facebook-ի ցուցանիշների հետ՝ 1.7 մլրդ օգտատեր և 18 մլրդ դոլար եկամուտ, սակայն, ինչպես ցույց են տալիս Yahoo-ի, AOL-ի, BlackBerry-ի օրինակները, նույնիսկ շատ հայտնի ծառայությունը կարող է արժեզրկվել նոր, առավել նորաձև պլատֆորմի հայտնվելու արդյունքում։ 18 տարեկանից փոքր օգտատերերի մեծ մասը Facebook-ը համարում է իրենց ծնողների սոցցանցը, որին, ըստ նրանց, փոխարինելու է գալիս Instagram-ը։ Եթե այդպես է, ապա Սիստրոմն իր փոքր խմբով ապահովում է Facebook-ի ապագան, իսկ Instagram-ի գնումը պետք է մտնի համակարգչային դարաշրջանի ամենահաջողված գնումների ցանկը։
Forbes-ի գնահատմամբ՝ որպես առանձին ընկերություն՝ Instagram-ն այսօր կարող էր արժենալ 25-50 մլրդ դոլար։ Եվ այս թիվը դեռ կաճի։ Facebook-ի լսարանի աճը դանդաղում է, իսկ Instagram-ի օգտատերերի թիվն 9 ամսվա ընթացքում շատացել է 100 մլն-ով։ eMarketer-ի գնահատմամբ՝ այս տարի Instagram-ի եկամուտը կավելանա 1.5 մլրդ-ով, իսկ 2018թ.՝ մինչև 5 մլրդ-ով։
Menlo Park-ում, որտեղ գտնվում է Facebook-ի թիմի աշխատավայրը, Instagram-ն առանձին տեղ է զբաղեցնում։ Աշխատավայրի պատերին փակցված են աշխատակիցների կողմից ընտրված լուսանկարներ, որոնք տեղադրված են եղել Instagram-ում։ Այստեղ աշխատում է 350 մարդ։
Facebook-ի և Instagram-ի լիդերներն այնքան էլ նման չեն միմյանց։ Սիստրոմն էլեգանտ կոստյումները և ոճային կոշիկները գերադասում է վերնաշապիկներից և լապիշոնով բլուզներից։ Դեռ 2005թ. Ցուկերբերգը նրան համոզում էր բաց թողնել Ստենֆորդում ուսման մի տարին և զբաղվել Facebook-ի ֆոտոծառայություններով։ Սիստրոմը հրաժարվեց, ինչի արդյունքում հավանաբար կորցրեց Facebook-ի՝ մի քանի մլն դոլար արժողությամբ բաժնետոմսեր։
Instagram-ի հիմնադիրն աշխատել է սրճարանում, որտեղ մի անգամ սպասարկել է Ցուկերբերգին, ապա աշխատել է Google-ում և Odeo ստարտափում։ 2010թ. նա ընկերոջ հետ թողարկեց Burbn բջջային խաղը։ Շուտով Սիստրոմը կենտրոնացավ ֆոտոհավելվածի վրա և Մեքսիկայում հանգստանալու ընթացքում ստեղծեց X-Pro II ֆիլտրը։ Դրան հետևեցին նոր ֆիլտրեր, իսկ ծրագիրը բազմաթիվ օգտատերեր ունեցավ։ Բայց նույնիսկ այն ժամանակ Instagram-ի թիմը փոքր էր։ Թողարկման տարում ընկերությունում աշխատում էր ընդամենը 6 մարդ, իսկ Ցուկերբերգի ընկերության կողմից այն գնելու պահին՝ 13 մարդ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը