Բաժիններ՝

Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության ֆինանսավորմամբ ստեղծված չրանոցը եկամուտների աճ է ակնկալում

Այսօր գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, անցկացնում է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը», որին մասնակցում են ավելի քան 100 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր` Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից:

Հայաստանի Գնդեվազ գյուղի բնակիչ Մեսրոպ Հարությունյանը փառատոնին ներկայացնում էր իրենց համայնքում գործող չրանոցում պատրաստված չրերը։

chranoc05

«Չրանոցն արդեն 3-րդ տարին է, ինչ գործում է։ Այն ֆինանսավորվել է «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության կողմից, հիմնականում նպատակը եղել  է, որ աջակցեն գյուղացիական տնտեսություններին: Գնդեվազ համայնքը շատ ծիրանի այգիներ ունի, սպառման առումով միշտ խնդիր է լինում: Դրա համար որոշվեց այդ չրանոցի ծրագիրն իրականացնել, օրինակ, անցյալ տարվա համեմատ բավականին տնտեսություններ մասնակցեցին.  իրենց ծիրանը բերում են, չորացնում և տանում, օգտագործում: Մեկ կիլոգրամ ծիրան չորացնելու համար 170 դրամ է անհրաժեշտ:  Մոտ 20-25 տնտեսություն օգտվել են, ովքեր շատ ծիրանի տնտեսություններ ունեն ու դժվարանում են բերքը իրացնել, իրենք բերել չորացրել, տարել են։ Մոտ 30 տնտեսությունից մենք ծիրան ենք գնել՝ 300 դրամով, ու իրենք շատ գոհ էին»,-նշեց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

chranoc02

Նա ասաց, որ իրենց գյուղում նախկինում չրանոց չի եղել, բայց արդեն 3 տարի է այն գործում է Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիան» ընկերության ֆինանսավորմամբ։ Անցյալ տարի նրանք սարքել են 300 կգ չիր, 150 հազար դրամի եկամուտ են ունեցել, իսկ այս տարի մոտ 500 կգ չիր ունեն, նախնական հաշվել են՝ մոտ 250 հազար դրամի եկամուտ կունենան:

chranoc03

Չրանոցում չորացնում են ծիրան, սև սալոր և դեղձ, բայց հիմնականը՝ ծիրանն է, որովհետև գյուղում կան ծիրանի այգիներ. «Անցյալ տարի քիչ էր, բայց այս տարի ահագին տնտեսություններից առել ենք, ու իրենք էլ են բերել՝ չորացրել։ Ջերմուկի քաղաքապետն էլ մեծ այգի ունի, ինքը բերեց մոտ 300 կիլոգրամ իր ծիրանը չորացնենք, եկավ չիրը տարավ ու շատ գոհ էր»։

Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության սոցիալական զարգացման ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանը նշեց, որ իրենք 3 տարվա ընթացքում 70 հազար դոլար ներդրել են այդ չրանոցի աշխատանքների համար։

chranoc06

«Առաջին տարում ենք շատ ներդրել, որովհետև այնտեղ 2 հատ չորանոց ենք առել, փաթեթավորման սարքն ենք առել, լիքը դասընթացներ ենք կազմակերպել, բերել ենք Արմավիրից լավագույն չրագործներին և իրենք սովորեցրել են այստեղի համայնքի ներկայացուչցներին։ Հիմա մենք տեղում կադրեր ունենք»,-նշեց Ն. Ղազարյանը։

Նրա խոսքով՝ իրենց սոցիալական ծրագրերով իրենք տեղի մարդկանց վերցնում են աշխատանքի, և տեղի գյուղացին աճում է որպես մասնագետ. «Սոցիալական զարգացման և կենսակերպի ապահովման ծրագրերը հիմնականում ուղղված են մի քանի բանի՝ ամենակարևոր բաներից է կրթական կոմպոնենտը, այսինքն՝ տեղի ներուժի զարգացում.  տարբեր տեսակի թրեյնինգներ ենք անում, որ այս նոր տեսակի տեխնոլոգիաները տանենք գյուղ, և տեղի մարդն արդեն դրան տիրապետի, փորձում ենք ստեղծել տեղի կառույցներ, ինչպես օրինակ կոոպերատիվները, որ ծրագրի ավարտից հետո կամ մեր ֆինանսավորումից հետո իրենք որպես մարմին կարողանան այդ գործիքը, ծրագիրը շարունակեն, իրենք էլ մասնակցեն դրա կայունությանն ու շարունակությանը։ Նախ, մենք օգնում ենք գյուղացիներին ունենալ ապրուստի այլընտրանքային միջոց, եկամուտի աղբյուր։ Մենք նաև ուզում ենք ցույց տալ, որ հանքը և գյուղատնտեսությունը համատեղելի են, կարող են իրար հետ ապրել, և մենք չենք ուզում մի կողմից էլ մարդուն կախվածության մեջ գցել հանքից»։

chranoc04

Նշենք, որ այսօրվա ցուցահանդեսին ներկայացված էին նաև ընկերության ֆինանսավորմամբ ստեղծված ջերմոցների բանջարեղենը, ինչպես նաև կրկին ընկերության աջակցությամբ Ջերմուկում իրականացվող բնապահպանական և աշխատանքային հմտությունների՝ «Թափոնից հուշանվեր» ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2007 թվականից «Լիդիան Արմենիան» ընկերությունը Ամուլսարի շրջակա Գնդեվազ, Գորայք, Սարավան, Ջերմուկ համայնքներում իրականացրած սոցիալական ծրագրերում ներդրել է 2.5 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընկերությունն իրականացնում է նաև գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր, որից օգտվում են մի քանի տասնյակ ընտանիքներ՝ ստեղծելով եկամտի նոր հնարավորություններ, բարելավելով իրենց գյուղատնտեսական արտադրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս