«Սերժ Սարգսյանը ճիշտ է հայտարարել». Վաղարշակ Հարությունյան

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօրվա ասուլիսին, պատասխանելով լրագրողների հարցին՝ ցուցադրված զինատեսակներից որո՞նք են ռուսական վարկի դիմաց գնված, և ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը 2014 թվականին, երբ հայտարարեց, որ՝ Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են, ասաց.

«Ամեն ինչ չի ցուցադրված, ինչ որ մենք ունենք, մենք ունենք ավելի շատ և ավելի էֆեկտիվ զենք, բայց պետական և ռազմական գաղտնիք կա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, այո, նա ճիշտ է հայտարարել, դա վերաբերում էր սկադներին, որոնք մենք արդիականացրել ենք և ավելի հզորացրել»:

Դիտարկմանը՝  այդ դեպքում ապրիլյան դեպքերի ժամանակ ինչո՞ւ չեն կիրառվել դրանք, Վաղարշակ Հարությունյանն այսպես արձագանքեց.

«Մեր ռազմաքաղաքական իշխանությունն ապրիլյան գործողությունների ժամանակ շատ սառնասիրտ, պատասխանատու մոտեցավ, եթե մենք սխալ թույլ տայինք, և, ասենք՝ հայկական բանակը մտցնեինք Ղարաբաղ, հայտարարեինք մոբիլիզացիա, հասկանում եք՝ Ադրբեջանը շանտաժ էր անում, նա չէր ուզում լայնածավալ պատերազմ, խնդիր չուներ Ստեփանակերտը վերցնել: Նա ուզում էր վերցնել մի քանի բնակավայր և հետո շանտաժի ենթարկել համանախագահներին ու ասել՝ տեսեք, ես ուժեղ եմ, ես պատերազմով կվերցնեմ, բերեք ինձ նախագիծ, որը կվերադարձնի ինձ Ղարաբաղը: Նորից եմ շեշտում՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եթե սառնասրտություն չդրսևորեր ու նույն քայլերն աներ, ինչ Ադրբեջանը, դա կբերեր լայնածավալ պատերազմի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս