««Իսկանդերի» ձեռքբերմամբ, ինչ ուզում էինք հասկացնել Ադրբեջանին, նա հասկացել է». Վաղարշակ Հարությունյան

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասյօրվա ասուլիսին նշեց, որ Անկախության 25-ամյակին կազմակերպված զորահանդեսը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենահզորն ու ներկայանալին էր ոչ միայն՝ ցուցադրվող զինատեսակների, այլև՝ դրանց հզորության տեսանկյունից. «Վերջին 6-7 տարվա ընթացքում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ։ Մենք ունենք տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանությունը, ինչն անիմաստ է դարձնում Ադրբեջանի ծախսերն իրենց ռազմաօդային ուժերի զարգացման համար։ Ապրիլյան մարտական գործողություններն էլ դա ցուցադրեցին, երբ Ադրբեջանը փորձեց օգտագործել օդուժը՝ կորցնելով երկու ուղղաթիռ, այդ մտքից հրաժարվեց»։

Նա նշեց, որ նոր  էր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը՝ Ինֆաունը, որը, ըստ Վ. Հարությունյանի՝ պատերազմը բերում է նոր որակի. «Սա ապահովում է մեր զորքերի անվտանգությունը, այն խնդրի լուծումը, որ Ադրբեջանի բանակի հրամ. կետերն ու ղեկավար մարմինները կորցնում են իրենց մարտունակությունը։ Սա նաև լուրջ միջոց է ԱԹՍ-ների դեմ։ Մենք տեսանք, թե դրանք ինչ էֆեկտիվ են աշխատում ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, և մենք հիմա ունենք համակարգ, որը թույլ է տալիս դրա դեմ պայքարել»։

Ռուսաստանի կողմից «Իսկանդերի» տրամադրումը Հայաստանին նա համարում է Հայաստանի լավ արտաքին քաղաքականության արդյունքը. «Բալանսը երբեք չի խախտվել, խախտումներ եղել են տարբեր զինատեսակների տեսանկյունից, բայց ընդհանուր բալանսը չի խախտվել։ Մենք ունենք ռազմավարական առավելություն և դա ուղղակի ավելացրել ենք։ Այնպես որ, սա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հաստատումն է, որովհետև այդ տեսակի զենք որևէ այլ պետության չեն վաճառել։ Այս զենքն ի վիճակի է օգտագործել նաև միջուկային գլխիկ։ Միայն դաշնակցային պետությանն են այս զենքը տալիս։ Այս զենքից միայն Ռուսաստանն ու Հայաստանն ունեն»։

Նա ասաց, որ «Իսկանդերի» ձեռքբերմամբ, ինչ ուզում էինք հասկացնել Ադրբեջանին, նա հասկացել է. «Կարդացեք նրանց մամուլը։ Բայց «Իսկանդերի» ձեռքբերումը քաղաքական չի կարող լինել, այլ ունի ռազմական հիմք, որը ծառայում է նաև քաղաքական նպատակներին և զսպում է Ադրբեջանին՝  իր անխելք քայլերից»։

Կարդացեք նաև

Նա վստահեցրեց, որ Հայաստանին տալով նման զենք՝ Ռուսաստանը դրանից պաշտպանվելու միջոցներ Ադրբեջանին չի տվել. «Պետք է հասկանալ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում։ Ռուսաստանի շահերից բխում է, որպեսզի այստեղ պատերազմ չլինի, որովհետև այդ դեպքում նա կկորցնի իր ազդեցությունը։ Փոխարենը՝ իր ազդեցությունը կուժեղացնի Թուրքիան կամ այլ պետություններ։ Դրա համար ապրիլյան գործողությունների ժամանակ նախագահի մակարդակով առաջին հայտարարությունն արեց Ռուսաստանը ու ամեն ինչ արեց դա կանխելու համար։ Ռուսաստանի շահերից չի բխում, որ Ադրբեջանին տա միջոց սրա դեմ։ Այդպիսի միջոց էլ չկա, դա կլինի Ս-400, բայց Ռուսաստանը դա ոչ մեկին չի տա, իսկ մյուսն ամերիկյան «Պետրիոտն» է, որը նույնիսկ Թուրքիային չեն տվել, այլ ամերիկայի զինվորներով բերել էին Սիրիայի սահման։ Իսկ այն, ինչ ունի Ադրբեջանը, սրա դեմ չեն կարող պայքարել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս