Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են ընդունել ԼՂ հարցով հանդիպումը
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հայտարարությունում, որը երեկ տարածել է ԵԱԿՀ-ի պաշտոնական կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն առանձին զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«Մեր կառավարությունները պատրաստ են անցկացնել նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում համապատասխան ժամանակում»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ՝ նշվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս դարձյալ այցելել տարածաշրջան։