«Մենք անկախացանք Սովետական Ռուսաստանից, բայց հայտնվեցինք պուտինյան լծի տակ». Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀ Անկախության 25-ամյակին՝ ասաց, որ ռազմավարական տեսանկյունից ունենք միայն մի ձեռքբերում.
«Հայ ժողովուրդը միջազգային հարաբերություններում ունի մի հաստատություն, որտեղ ինքը ներկայանում է՝ որպես միջազգային իրավունքի ենթակա, և կարող է իրեն վերաբերող հարցերում չլինել խնդրողի վիճակում, այլ ներկայանալ՝ որպես բոլոր պետություններին հավասար իրավունքներ ունեցող մի միավոր։ Մյուս բաները ձեռքբերումներ չեն. եթե ունես բանակ ու հպարտանում ես, է՛, պետություն ունես՝ պետք է բանակ էլ ունենաս, եթե դիվանագիտություն ունես կամ չունես, նույն պետության գործիքներն են։ Երբեմն, առանց խորանալու երևույթների մեջ, խոսում են արցախյան հաջողությունների մասին. չլիներ անկախ Հայաստանը, ոչ մի հաջողություն էլ չէր լինի։ Արցախյան բոլոր ձեռքբերումներն էլ տեղի են ունեցել այն բանի շնորհիվ, որ հասցրեցինք ունենակ անկախ պետություն։ Դա՝ այն պայմաններում, երբ Զորի Բալայանի նման մտավորականներ փորձում էին ժողովրդի վրա ազդել՝ «Ռուսաստանի գավառն ենք» մոտեցումով»։
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Պարույր Հայրիկյանը նշեց, որ ՀՀ Անկախության տոնը սեպտեմբերի 21-ը չէ, այլ՝ մայիսի 28-ը. «Սեպտեմբերի 21-ը մեր ինքնորոշման օրն է։ Մեր հայրերը 1919թ. են որոշել, որ մայիսի 28-ը մեր անկախության օրն է»։
Մեր օրերի ամենամեծ թերությունը Պ. Հայրիկյանը համարում է անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ). «Մենք ձգտում էինք Եվրամիությանը մոտ լինել, ու այդ կարգախոսով որոշ ուժեր գնացին ընտրության։ Եթե դու փոխում ես գիծդ, ուրեմն այլ մասնագիտություն ես վերցնում։ Մենք անկախացանք Սովետական Ռուսաստանից, բայց հայտնվեցինք պուտինյան լծի տակ. սա լուրջ սխալ էր։ Մեզ բերեցինք ռուսական ճահիճ։ Մյուս թերությունն այն է, որ Հիմնական օրենքը չի կարելի այդպես ընդունել։ Դա էլ էր բացթողում»։