
«21-րդ դարը մերը կլինի, եթե մենք կերտենք հզոր, անվտանգ և արդյունավետ պետություն, երջանիկ ու բարեկեցիկ հասարակություն». Մարիամ Մարգարյան

Քաղաքագետ Մարիամ Մարգարյանն անդրադառնալով Հայաստանի Անկախության 25-ամյա տարեդարձին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայեր, աշխարհի որ մասում էլ որ ապրում եք,
Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 21-ի առթիվ… Անկախ պետականությունը ցանկացած ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման, ազատության ապահովման, երջանիկ և անվտանգ ապրելու միակ երաշխիքն է: Հենց դա է պատճառը, որ անկախ պետականության համար պայքարել և պայքարում են հասարակության բոլոր խավերը։ Ահա թե ինչու անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ անկախության համար պայքարը համազգային բնույթ ունի։
Այսօր անկախությունը ՀԱՅ ազգին հնարավորություն է տվել հիմնավորել իր ուրույն տեղն ու դերը աշխարհում, լեգիտիմացնել սեփական արարիչ տեսակի առաքելությունը: Դարերի հոլովույթում հայերը ապացուցել են արժեքներ ստեղծելու ու առաջադիմությանը ծառայելու իրենց կոչումը:
Այսօր անկախությունը գլոբալացման մարտահրավերներին պատասխանելու ՀԱՅԻ հնարավորություն է՝ մեծացնել ազգային մրցունակությունը և Հայաստանը դարձնել ցանցավորված աշխարհի անբաժանելի մաս: Այնպիսի մաս, որի ամբարած պատմական հիշողությունն օգնում է նրան ապրել ազգային արժեքային համակարգով, համամարդկային նպատակներով ու տիեզերականի տեսլականով:
Այսօր անկախությունը այն գերակա արժեքն է որը ՀԱՅԻՆ օժտելու է վճռականությամբ՝ արդիականացնելով «Հոգևոր Հայաստանի» լուսավոր, ոգեղեն, դարերի մեջ իր մրցունակությունը ապացուցած գաղափարախոսությունը: «Հոգևոր Հայաստանի» կառուցման գործընթացը ՀԱՅԻ համար դարձնել անվտանգ ապագայի կերտման ռազմավարություն….
Այսօր անկախությունը պետականազուրկ ժամանակներից ձևավորված բարդույթներից, վախերից և ցեղասպանության հետևանքով առաջացած՝ զոհի կերպարից ՀԱՅԻՆ ազատվելու գործողությունների ամբողջություն է:
25 տարի է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ անկախ է: Բայց…. Ապրում ենք տխուր իրականության մեջ՝ աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, օտարում, հանրային ու ազգային շահի անտեսում, փոխհամաձայնեցված խմբիշխանություն…..
Այս արատներից ազատվելու, արդյունավետ պետություն կերտելու, Հային կենսունակ և երջանիկ ապրելու, տարաբնույթ քաոսներից խուսափելու նպատակով Ձեզ ենք ներկայացնում ՀԱՅ մեծերի կողմից դարերի հոլովույթում ձևավորած և մեր կողմից դեռ տասը տարի առաջ համակարգած ՀԱՅԻ և Հոգևոր Հայաստանի անկախության սահմանադրությունը, որի սկզբունքներն են.
- Ազատ անհատ
- Անկախ հայրենիք
- Արդարադատ պետություն
- Պատիժ չարին
- Ոգու հաղթանակ
Հայեր, աշխարհի որ մասում էլ որ ապրում եք, հավատացեք՝ 21-րդ դարը մերը կլինի, եթե մենք կերտենք հզոր, անվտանգ և արդյունավետ պետություն, ինչպես նաև երջանիկ ու բարեկեցիկ հասարակություն…»: