«Անարդարության դրսևորումներն են վանում մեր ժողովրդին». Սուքիաս Ավետիսյան

«Այսօր ունենք 25 տարվա անկախ,  կայացած պետություն, պետական համակարգեր։ Այս ձեռքբերումների հետ միասին, պարտավոր ենք ամեն տարի, երբ  անկախության «տարելիցն» ենք տոնում, մտածել՝ է՞լ ինչ կա, որ հարկավոր է ավելի զարգացնել, խորացնել, հստակեցնել, որպեսզի մեր ժողովուրդն անկախությունն ըմբռնի այնպես, ինչպես պետք է, այլ ոչ թե՝ կապի սոցիալական կամ այլ խնդիրների հետ»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Անկախության տոնը «տարելից» համարող պատգամավորը նշեց, որ առանց անկախ պետության՝ հայ ժողովուրդը չի կարող հարատևել. «Ե՛վ հայ ժողովուրդը, և՛ դրսի ժողովուրդն այդ կառույցի մեջ են տեսնում իրենց պահպանական խնդիրը։ Անկախ պետության շուրջ է համախմբվում ողջ հայությունը»։

Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է կարողանա անկախության ձեռքբերումներն իրենը համարել ու իշխանություններին ձեռք մեկնած՝ այդ ձեռքբերումներն ավելի լավացնել. «Ոչ միշտ է, որ սոցիալական խնդիրներն են վանում մեր ժողովրդին, այլ որոշ դեպքերում անարդարության դրսևորումներն են վանում մեր ժողովրդին։ Ես մի ցանկություն ունեմ, որ մենք չփորձենք նույն նժարին դնել անկախության գաղափարը և սոցիալական խնդիրները, դրանք տարբեր բաներ են։ Անկախության հետ որևէ բան չպետք է համեմատենք»։

Ընտրություններին օրինապաշտությամբ երբեք չփայլող ու ընտրախախտումների հիմնական կազմակերպիչ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ընդգծեց՝ ժողովուրդը պետք է այն գիտակցումն ունենա, որ ընտրություններն անցնեն ազատ և թափանցիկ. «Ոչ թե ամեն անգամ ժողովրդի ստվար մաս մտածի ընտրությունների անցկացման ոչ պատշաճ մակարդակի մասին։ Բայց այս ամենի կողքին չի կարելի «անկախություն» բառը նույն նժարի վրա դնել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս