Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Կոնդեցի Հարութի՝ «Ֆորտ Բոյար»-ի տնօրենի սպանության գործից. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Աղայանի որոշմամբ ստեղծված քննչական խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ սպանություն կատարելու կասկածանքով փնտրում են Երևան քաղաքի Չկալովի 32 տան բնակիչ, 34-ամյա Արտակ Էդուարդի Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 18-ին Չկալովի փողոցի 44 տան բնակիչ, 42-ամյա Հարություն Աշոտի Գալստյանին դիտավորությամբ սպանելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական խմբի ավագ քննիչներ Վաչե Ալեյանն ու Լևոն Գրիգորյանն այսօր միջնորդություն են ներկայացնելու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հաստատի հետախուզման միջնորդությունը և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվի որպես խափանման միջոց երկամսյա կալանք։

Եթե մինչև դատական նիստը Ա. Հովհաննիսյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նա արդեն կտեղափոխվի դատարան, որտեղ դռնփակ դատական նիստում կքննարկվի կալանքի որոշումը նրա ներկայությամբ։ Հակառակ դեպքում առանց նրա դատարանը որոշում է կայացնելու ու եթե բավարարվի ավագ քննիչների միջնորդությունը, Ա. Հովհաննիսյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրենն էր:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Հովհաննիսյանը նախկինում դատապարտված է եղել սպանության համար, եղբայրն էլ այս պահին գտնվում է ազատազրկման վայրում՝ թմրանյութեր պահելու, շահագործելու համար։ Նույնիսկ ասում են, նա ժամանակին զբաղվել է բառիկությամբ։ Իսկ սպանվածը միշտ օգնության ձեռք է մեկնել նաև Ա. Հովհաննիսյանին ու նրա եղբորը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել էին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն էր, ով «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրենն էր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս