
Ղրղըզստանի նախագահը հոսպիտալացվել է Թուրքիայում. ԶԼՄ-ներ

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հոսպիտալացվել է Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին տեղակայված հիվանդանոցներից մեկում, հայտնում է Sozcu թերթը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Աթամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել։ Արձակուրդի պատճառը բժշկական հետազոտության անհրաժեշտությունն է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Ենթադրաբար, արձակուրդը կարող է տևել մինչև 2016թ․հոկտեմբերի 1-ը, հայտնել են մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Աթամբաևը սրտի հետ կապված խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել ուղևորությունը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստերին։
Նրա վիճակը վատացել էր Ստամբուլի օդանավակայնում՝ Բիշքեկից Նյու Յորք ուղևորվելիս։
Սեպտեմբերի 17-ին Աթամբաևը դարձավ 60 տարեկան։ Նա երկիրը ղեկավարում է 2011 թվականի դեկտեմբերի 1-ից։