Փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու հիմքով գործ չի հարուցվել. որոշման հիմքում ոստիկանների բացատրություններն են
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան Վանաձորում, ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների և համակիրների, առանց որևէ հիմնավորման բերման է ենթարկվել և ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շուրջ 18 ժամ պահվել Հասմիկ Էվոյանը:
Վերջինիս ահազանգով իրավական աջակցություն տրամադրելու նպատակով ոստիկանության բաժին այցելած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանը, Անի Չատինյանը և Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը, շուրջ երեք ժամ գտնվելով ոստիկանության բաժնի մոտ, հնարավորություն չեն ստացել Հ. Էվոյանին տեսակցելու:
Փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու հիմքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Բազումի բաժնի պետին և այլ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:
ՀՀ ՀՔԾ 2016 թ. օգոստոսի 4-ի որոշմամբ հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է:
Հետաքրքրական է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կայացնելիս հիմնվել են ոստիկանության աշխատակիցների տրամադրած տեղեկատվության վրա՝ Հասմիկ էվոյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների բացատրությունները որակելով որպես շահագրգիռ կողմի կարծիք:
Մինչդեռ ոստիկանության աշխատակիցները, հնարավորություն ունենալով փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու, տվել են նույնանման բացատրություններ՝ պնդելով, որ այն պահին, երբ փաստաբանները եկել են իրավական օգնություն տրամադրելու Հասմիկ Էվոյանին, վերջինս այլևս բաժնում չի եղել, և իրենք փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու «դիտավորություն չեն ունեցել»: Սա այն դեպքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հուլիսի 17-ին պարբերաբար հրապարակումներ են արվել այն մասին, որ փաստաբանները, ժամեր շարունակ գտնվելով ոստիկանության բաժնի մոտ, հնարավորություն չեն ստացել տեսակցելու իրենց վստահորդին՝ Հասմիկ Էվոյանին: Վերջինս, ապօրինաբար պահվելով ոստիկանության բաժնում, փաստացի զրկված է եղել իրավական աջակցություն ստանալու իր իրավունքից: Չնայած դրան՝ զարմանալիորեն հակասական բացատրություններ են տվել նաև Հասմիկ Էվոյանի ծնողները:
Կողմերի բացատրություններում առկա է լուրջ հակասություն, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել քննչական մարմնի կողմից՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ կոծկելու մարդու իրավունքների խախտումները, որով իրավասու պետական մարմինները ուղղակիորեն հովանավորում են իրավախախտներին և նրանց պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն տալիս:
Քննչական մարմինը առնվազն պետք է առգրավեր ոստիկանության Բազումի բաժնի տարածքը տեսանկարահանող սարքերով արված տեսագրությունները, որոնց միջոցով հնարավոր կլիներ հստակ նշել և Հասմիկ Էվոյանին բաժնում պահելու, և փաստաբանների՝ բաժնի տարածքում գտնվելու ժամանակահատվածը, ոչ թե ընտրողաբար գնահատել կողմերի բացատրությունները և քրեադատավարական նորմերի խախտմամբ, կայացնել կողմնակալ որոշում:
Քննչական մարմնի վերոնշյալ որոշումը 2016 թ. օգոստոսի 23-ին բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Դատախազության պատասխանը դեռևս չի ստացվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ