«Ոչ ոք չգիտի՝ կշարունակի՞ արդյոք իր գոյությունը Իրաքը և Սիրիան, թե՚՞ նրանց այլ ճակատագիր է սպասվում». Իսրայելի ԱԳՆ
Պաղեստինյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է մեզ համար։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալության թղթակիցը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են ընթանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Նյու Յորք այցի շուրջ։
«Վարչապետը հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Բացի այդ՝ ասամբլեայում ելույթ կունենա նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։ Մենք պլանավորում ենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել պաղեստինյան հակամարտությունում առաջընթացի հարցը։ Այդ հարցը շատ կարևոր է մեզ համար։ Մի կողմից՝ մենք ցանկանում ենք պայքարել ահաբեկչության և ագրեսիայի դեմ, մյուս կողմից՝ խաղաղության ձեռք ենք մեկնում պաղեստինցիներին։
Մենք շահագրգիռ ենք բանակցությունների վերսկսկմամբ։ Բանակցությունները շատ կարևոր են, քանի որ դա միակ հնարավորությունն է՝ գտնելու խաղաղ լուծում։ Մենք կոչ ենք անում պաղեստինցիներին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակը։
Խոսելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշել է, որ տարածաշրջանում ընթանում են ծանր և բացասական գործընթացներ։
«Տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ կարևոր են մեզ համար, քանի որ գործընթացներն ընթանում են մեր հարևանությամբ։ Դրանք կարող են ազդել Իսրայելի վրա։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ 1 ամիս անց։ Կտեսնե՞նք արդյոք մենք Իրաքի և Սիրիայի պետությունները դարձյալ, թե՞ նրանք այլ բան կդառնան և նրանց այլ ճակատագիր է սպասվում, դա ոչ ոք չգիտի»,- ասել է նա։