Իսրայելը ԼՂ հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունի․Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ավելի շատ բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։
Նա նշել է, որ երկու երկրների միջև կա սերտ երկխոսություն։ «Այստեղ ապրում են ծագումով ադրբեջանցի բազմաթիվ հրեաներ։ Նրանք կամրջի դեր են խաղում երկու երկրների միջև։ Մեր քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են գտնվում։ Էներգետիկ հարցերը, որոնց շուրջ սերտ երկխոսություն ենք վարում, շատ կարևոր են երկու երկրների համար։ Մյուս կարևոր հարցը տարածաշրջանի անվտանգությունն է։ Երկու երկրներն էլ ապրում են պոտենցյալ վտանգավոր և անկայուն տարածաշրջանում»,- հայտարարել է նա։
Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը հայտարարել է, որ կա լավ պոտենցյալ երկու երկրների երկկողմ հարաբերությունները էկոնոմիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում զարգացման համար։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Նահշոնը հայտարարել է, թե Իսրայելը հույս ունի, որ հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի խաղաղ ճանապարհով։
Նահշոնը հայտարարել է նաև, որ դեռ հայտնի չէ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի ստույգ ժամկետը: