«Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է իրական բանակցություններ». Մամեդյարով
«Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստատուս քվոյի պահպանումը ցանկացած պահի կարող է հանգեցնել լարվածության աճի:
Այս մասին Մամեդյարովը հայտարարել է Նյու Յորքում՝ Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) ԼՂ հարցով կոնտակտային խմբի առաջին նիստի ժամանակ, որն անցկացվել է ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ ստատուս քվոյի պահպանումը վտանգ է ներկայացնում և կարող է հանգեցնել լարվածության աճի՝ անսպասելի արդյունքներով: Միջազգային հանրությունը չի ընդունում ստատուս քվոյի պահպանումը»,- հայտարարել է Մամեդյարովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ստատուս քվոն պահպանելու ձգտումը և «ռազմական սադրանքները» շատ լուրջ սխալ են:
«Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է իրական բանակցությունների սկսում՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- հայտարարել է Մամեդյարովը։
Նրա խոսքով՝ ԻՀԿ-ն պետք է կոչ անի միջազգային հանրությանը, որ վերջինս ստիպի Հայաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները։
ԼՂ հարցով ԻՀԿ-ի կոնտակտային խումբը ստեղծվել է 2016թ. ապրիլին Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ երկրների 13-րդ գագաթաժողովի արդյունքներով: Դրա կազմի մեջ մտել են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին:
Կոնտակտային խմբի ստեղծման նախաձեռնողն է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: