«Վանո Սիրադեղյանի վերադարձով Հայաստանը միայն կհարստանա». Արարատ Զուրաբյան
«Վանո Սիրադեղյանի վերադարձից շահելու են բոլորը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան վերադարձի մասին կոչերին, որոնք կրկին ակտիվացել են վերջին օրերին՝ կապված Անկախության 25-ամյակի հետ։ Արարատ Զուրաբյանն նշեց, որ այդ կոչերին ու առաջարկներին միայն մեկ ձևով կցանկանա անդրադառնալ։ «Սովորաբար, երբ Վանո Սիրադեղյանի մասին քննարկումներում շատերը խոսում են նրա գրական ստեղծագործությունների արժեքի մասին։ Ես կասեմ հետևյալը՝ Վանո Սիրադեղյանն ականավոր պետական, քաղաքական գործիչ է, մարդ, որը կանգնած է Հայաստանի անկախության ձեռքբերման, կայացման ամբողջ ճանապարհին և հսկայական գործ է արել այդ ուղղությամբ։
Ինչ-որ իրավիճակներում, քաղաքական տարբեր վայրիվերումների պատճառով Վանո Սիրադեղյանը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից, նա քաղաքական վտարանդի է։ Կարծում եմ, որ օր առաջ՝ ցանկացած պահի, ցանկացած հասարակություն պետք է փորձի իր լավագույն զավակներից մեկին տեսնել իր կողքին, Հայաստանում, որովհետև դրանով Հայաստանը միայն կհարստանա»,- ասաց Արարատ Զուրաբյանը՝ միաժամանակ արտահայտելով իր զարմանքը։
Նա հիշում է, որ այն ժամանակ, երբ Վանո Սիրադեղյանը հետապնդվում էր, իրենք մի քանի հարյուր հոգով ԱԱԾ-ի դիմաց հանրահավաք էին անցկացնում, հետո տեղափոխվում Գլխավոր դատախազության շենքի դիմաց հանրահավաք անելու, գնում դատարան, ահա այդ ժամանակ լռում էին։ «Կարծում եմ, որ այդ լռությունը նաև պատճառ դարձավ, որ Վանոն այստեղ չէ։
Շատ լավ է, որ թեման արծարծվում է, կուզեի, որ թեման արծարծվեր շատ ավելի ճիշտ ճանապարհով, և, բնականաբար, կցանկանայի, որ Վանո Սիրադեղյանն օր առաջ լիներ Հայաստանում»,- ընդգծեց Զուրաբյանը։ Նա իրավական առումով Վանո Սիրադեղյանի վերադարձի համար որևէ խոչընդոտ կամ բարդություն չի տեսնում։
Ըստ Արարատ Զուրաբյանի՝ այս հարցը քաղաքական հարթության մեջ է պետք դիտարկել։ «Կարծում եմ՝ ինչ որ բան հասունացել է հավանաբար։ Համոզված եմ, որ ճիշտ կլիներ այսօր, երբ փորձ է կատարվում ինչ-որ բան փոխել երկրում, քայլերից մեկն էլ լիներ դա։ Էլի եմ ասում, դրանից շահելու էին բոլորը՝ թե մեր հասարակությունը, թե ՀՀ իշխանությունը, թե Վանո Սիրադեղյանի մերձավորները, ընկերները, ընտանիքը՝ բոլորը»,- նշեց Արարատ Զուրաբյանը։
Արարատ Զուրաբյանի հետ ծավալուն հարցազրույցին առաջարկում ենք ծանոթանալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում։