«Չնայած արգելքներին ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լուծեց Հենրիխի բոլոր խնդիրները». Մինո Ռայոլա
Հայտնի և սկանդալային ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված իր հաճախորդների մասին:
Ռայոլան նշել է, որ Պոգբայի դեպքում ամեն ինչ շատ պարզ էր: Պոգբան համաձայն էր տեղափոխվել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը համաձայն էր պայմանագիր ստորագրել Պոգբայի հետ դեռևս մեկ տարի առաջ: Պոգբային ձեռք բերել էր ուզում նաև Մոուրինիոն: Ռայոլան նաև շեշտել է, որ Պոգբան հրաժարվեց տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», չնայած այն բանին, որ վերջինս խաղալու էր Չեմպիոնների լիգայում:
Ռայոլան անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը: Գործակալը, սակայն, նշել է, որ Մխիթարյանի դեպքում ամեն ինչ շատ բարդ էր:
«Մենք արդեն պայմանավորվել էինք Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի հետ, սակայն Դորտմունդի «Բորուսիան» թույլ չտվեց նրան հեռանալ: Չնայած արգելքներին ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լուծեց Հներիխի բոլոր խնդիրները»,- նշել է Մխիթարյանի գործակալը:
Ռայոլան խոսել է նաև այս ֆուտբոլիստների ոչ այնքան հաջող խաղի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Երբ Պոգբան և Մխիթարյանը տեղափոխվեցին մանչեսթերյան ակումբ, բոլորը սպասում էին նրանցից շատ հաջող խաղ, սակայն տեղի ունեցավ հակառակը:
Ռայոլան Պոգբային անվանել է «մանչեսթերյան ակումբի կորած որդի»: Նա շեշտել է, որ Պոգբան երկար կհարմարվի անգլիական ակումբի խաղին, սակայն առաջիկայում նա դառնալու է ակումբի իսկական առաջատարը:
Ռայոլան նշել է նաև, որ Մխիթարյանը պարզապես դեռ չի խաղացել այնքան, որ կարողանա ցույց տալ իր իսկական որակները:
«Եկեք չմոռանանք, որ Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն էր նախորդ երկու մրցաշրջանների: Նա շատ ուժեղ բնավորություն ունի և ցույց կտա իր իսկական արժեքն ամբողջովին վերականգնվելուց հետո»,- նշել է Ռայոլան:
Ռայոլան նշել է, որ անգլիական ակումբի անատամ ֆուտբոլը չի նշանակում, որ նրանք հնարավորություն չունեն հաղթելու Պրեմիեր լիգան:
Սիրարփի Աղաբաբյան