«Ընտրությունները վերածում են խեղկատակության». Հակոբ Հակոբյանը՝ Էջմիածնի ընտրությունների մասին
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը 1 մլն դրամ էր խոստացել բոլոր նրանց, ովքեր Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների ընթացքից ընտրակաշառքի փաստ կներկայացնեն։ 168.am-ի հետ զրույցում Հ. Հակոբյանն ասաց, որ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նրան դեռևս որևէ մեկն ընտրակաշառքի փաստ չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը սատարում էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածուներից՝ Արթուր Թումանյանին, որին ընտրություններից մեկ օր առաջ ծեծի էին ենթարկել։ Հիշեցնենք նաև, որ երեկ տեղի ունեցած ընտրություններում քաղաքապետ է վերընտրվել գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը, ում մեքենայի ուղղությամբ էլ ընտրություններից մեկ օր առաջ կրակոցներ էին եղել։
Մեզ հետ զրույցում Ա. Թումանյանին սատարող Հ. Հակոբյանը ընտրությունները որակեց՝ որպես «խեղկատակություն»։ Նա նշեց, որ հանձնաժողովի նախագահը և անդամները մինչև ընտրությունները քարոզարշավ են իրականացրել, ինչի իրավունքը չունեին։
«Հանձնաժողովի հիմնական անդամները եղել են հիմնականում քաղաքապետարանի աշխատողներ, եթե հանձնաժողովի բոլոր անդամները մի մարդու ենթակայության տակ աշխատող մարդիկ են, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է անցնեն ընտրությունները։ Խորհուրդ կտամ՝ մտնեք և նայեք՝ ովքե՞ր են եղել հանձնաժողովի անդամները, քանի որ երևի ոչ մեկը չի տեսել, չգիտի էլ՝ ինչ է կատարվել։ Մի տեղ հանձնաժողովի նախագահը երաժշտական դպրոցի տնօրենն է, կինը քարտուղարն է, ո՞նց կարելի է։ Այդ ընտրությունները վերածում են խեղկատակության»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահը, անդամները քարոզարշավ են իրականացրել, խախտվել է և՛ Ընտրական օրենսգիրքը, և՛ հավասարության սկզբունքը. «Որևիցե տեղ գրված եղե՞լ է, որ պահանջվում են հանձնաժողովի անդամներ, որ մարդիկ գնան-մասնակցեն մրցույթին, չկա նման բան»։
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ բողոքարկեն ընտրությունների արդյունքները, Հ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ զբաղվում շտաբի աշխատանքներով, չգիտեմ՝ ինչ են անելու բողոքարկման հետ կապված, բայց այն, ինչ ասել եմ, իրականություն է, և ես կուզեմ, որ հետագայում սա հաշվի առնվի։ Քաղաքացին մտնում է ընտրատարածք, որտեղ ամբողջ հանձնաժողովի անդամները քաղաքապետարանի աշխատողներն են, նա կարծես քաղաքապետարան է մտնում»։
Ըստ նրա՝ եթե իր բերած բոլոր փաստարկները ներկայացնեն Սահմանադրական դատարան, ընտրությունները չեղյալ կհայտարարեն։
Մեր այն հարցին, թե՝ Դուք շատ գայթակղիչ առաջարկով էիք հանդես եկել՝ մեկ միլիոն դրամի հետ կապված, ինչո՞ւ մինչ այսօր որևէ մեկը Ձեզ չի դիմել, Հ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Այդ վերջին երկու օրերը, երբ միջադեպը տեղի ունեցավ, մենք այդ գործերով չզբաղվեցինք, քանի որ թեկնածուն արդեն գտնվում էր հիվանդանոցում, նրա շտաբը փակ էր, եթե շտաբը փակ է, ես ի՞նչ իրավունք ունեմ որևէ ակտիվություն ցուցաբերեմ։ Նա նույնիսկ ինքն իրեն չի կարողացել քվեարկի»։