
ԱՊՊԱ. հատուցման միջին չափը նվազել է

Տարեցտարի ավտոապահովագրման համար գործակալությունների հավաքագրած գումարների չափն ավելանում է, մասնավորապես՝ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ հավաքագրվել է 12 մլրդ 25 մլն 205 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 մլրդ 957 մլն 195 հազար դրամի փոխարեն: Միաժամանակ մեկ տարում ավելացել է նաև ապահովագրված ավտոմեքենաների թիվը՝ շուրջ 10 հազարով:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 447,787, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3208-ով:
Օգոստոս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 695 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 55 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3482, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 335-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2016թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 200,312 ՀՀ դրամ: Նկատենք, որ նախորդ տարվա օգոստոսին հատուցման միջին գումարն ավելի էր՝ 212,584 դրամ:
2016 թ. օգոստոս ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 48.8%։