«Չպետք է մտածել, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմամբ կարող ենք ակնկալել մեզ համար ամենաշահավետ լուծումները». Կորյուն Նահապետյան

«Հայաստանի համար շահեկան է ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի նշանակման հնարավորության մասին։ Նա նշեց, որ հերթականության, այսինքն՝ ռոտացիոն սկզբունքով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է ՀՀ ներկայացուցչին։

«Չեմ կարող այս պահին վստահությամբ նշել կոնկրետ թեկնածության հետ կապված, բայց որ լինելու է ՀՀ ներկայացուցիչը, դրանում կարող եք վստահ լինել»,- ասաց Կորյուն Նահապետյանը։ Հարցին, թե ՀՀ ներկայացուցչի նշանակմամբ կփոխվի՞ արդյոք ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այն հարցերում, որոնք մտահոգել են հայկական կողմին, որի առնչությամբ դժգոհություն է արտահայտվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն ունի իր կանոնադրական խնդիրները։

Ըստ նրա, հայկական կողմն իր ակնկալիքներում հստակ դիրքորոշում պետք է ունենա, ՀԱՊԿ-ը չի էլ կարող դուրս գալ այն կանոնադրական խնդիրներից, որոնք ամրագրված են իր հիմնադիր փաստաթղթերում։ «Իհարկե, Հայաստանի համար շահեկան է ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց չպետք է չափազանցնել և մտածել, որ միայն այդ փաստով բոլոր հարցերում կարող ենք ակնկալել մեզ համար ամենաշահավետ լուծումները»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավորը։ Վերջինս այդ պաշտոնում Սեյրան Օհանյանի թեկնածության մասին հրաժարվեց խոսել՝ նշելով, որ, քանի դեռ չկա պաշտոնական առաջադրում, այդ մասին խոսելը վաղ է։ Հիշեցնենք, որ ռուսական Interfax-ը գրել էր, թե Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս