«Քանի դեռ ներգրավված կողմերը չեն հասել իրենց խնդիրների վերջնական լուծմանը, հակամարտությունը կշարունակվի, իսկ ջիհադական խմբավորումները կգործեն». Արաքս Փաշայան

Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանի հետ

– Տիկին Փաշայան, շատ փորձագետներ Թուրքիայի ներխուժումը Սիրիա համարում են բոլոր արտաքին դերակատարների հետ նախապես համաձայնեցված սցենար, ասվում է, որ դրան դեմ չեն նաև սիրիական իշխանությունները։ Դո՞ւք ինչ կասեք այս մասով։

Իսկապես, կան աշխարհաքաղաքական շահեր, որոնց շուրջ կարող են միավորվել անգամ թշնամի պետությունները: Քրդական հարցում, մասնավորապես, Դամասկոսը, Անկարան և Թեհրանը նույն հետաքրքրություններն են ունեցել պատմական տարբեր ժամանակներում և ունեն նաև ներկայում: Ոչինչ չի փոխվել: Ամեն պարագայում, հստակ է, որ քրդերին «գցեցին»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրին ասել է, որ Սիրիայի կառավարության բալիստիկ հրթիռները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար: Թուրքիայի որոշ շրջաններ ենթարկվել են հրթիռակոծության սիրիական կողմից: Հնարավո՞ր է, որ Թուրքիան դադարեցնի իր առաջխաղացումը Սիրիայում, թե՞ մեծ խաղացողները, այնուամենայնիվ, կաջակցեն նրան։

– Ըստ ամենայնի, Թուրքիայի ռազմական գործողությունները կկրեն սահմանափակ բնույթ: Ինչ վերաբերում է սիրիական հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը, դա, կարելի է ասել, բավական հաջողված է: Եթե հնարավոր լինի ընդլայնել զինադադարի աշխարհագրությունը և խաղաղության հաստատմանն ու ԻԼԻՊ-ին վնասազերծելու հարցում այլ հաջողություններ ևս արձանագրել, անշուշտ, դա միայն հօգուտ Սիրիայի և ի շահ խաղաղության կծառայի: Ամեն պարագայում, որքան էլ հակամարտության մեջ ընդգրկված կողմերն այս կամ այն հարցում համաձայնության հասնեն, դա չի նշանակում, որ նրանք խորքային կամ այլևայլ տարաձայնություններ չունեն: Սիրիական պատերազմի այս փուլում ևս, ինչպես նախկին փուլերում, բոլորը շարունակում են հետամուտ լինել հիմնական նպատակներին ու խնդիրներին:

Վերջերս «Իսլամական պետությունը» Հռոմի պապին հայտարարել էր իր գլխավոր թշնամին։ Հնարավո՞ր է, որ Սիրիայում անհաջողություններ կրելուց հետո ԻՊ ահաբեկչական գործողություններն ակտիվանան Եվրոպայում, և ահաբեկչության «կենտրոնը» Փարիզից տեղափոխվի Վատիկան, քանի որ անընդհատ խոսվում է Ռաքքան ազատագրելու շուրջ ձեռք բերված թուրքամերիկյան համաձայնության մասին, իսկ Ռաքքայի ազատագրման դեպքում ԻՊ անելիքները Սիրիայում զրոյանում են։

– Ամեն ինչ հնարավոր է, եթե նկատի ունենանք նաև նախկին անցուդարձերն ու ողբերգությունները: Չէ՞ որ ահաբեկչությունն ու մոլեռանդությունն անտեսանելի թշնամիներ են, որոնք ցանկացած պահի կարող են գլուխ բարձրացնել:

Տիկին Փաշայան, բոլոր ուժերը հայտարարում են «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին, բայց Սիրիայում այլ ծայրահեղական խմբավորումներ էլ են ակտիվ գործում, մասնավորապես՝ «Ջաբաթ ալ-Նուսրան»։ Այս կառույցն այժմ ի՞նչ դեր ունի ու արդյո՞ք նույն վտանգը չի ներկայացնում, ինչ ԻԼԻՊը։ Ինչո՞ւ են մեծ խաղացողները հենց ԻԼԻՊի վրա կենտրոնացել։

– Համաձայն եմ: Դրանք բոլորը նմանատիպ կառույցներն են, գրեթե նույնանման գաղափարախոսություններով ու մեթոդներով, բայց տարբեր են նրանց հովանավորները: Շատերն ունեն Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Քաթարի աջակցությունը: Պատահական չէ, որ ջիհադական շատուշատ ուժերի Արևմուտքում և ԱՄՆ-ում անվանում էին չափավոր ընդդիմադիրներ, երբ խնդիր կար ամեն գնով տապալել Բաշար Ալ-Ասադի վարչակարգը: Ֆինանսական, ռազամատեխնիկական և այլևայլ ֆինանսավորումներից զրկվելու դեպքում նրանք ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը: Բայց նախադեպերն արդեն ստեղծված են, բռնությունը դարձել է օրակարգ: Ամեն դեպքում, քանի դեռ ներգրավված կողմերը չեն հասել իրենց խնդիրների վերջնական լուծմանը, հակամարտությունը դեռ կշարունակվի, իսկ ջիհադական խմբավորումները կգործեն: Այնպես որ, ես չեմ հավատում նաև ԻԼԻՊ-ի դեմ իրական պայքարի բացարձակ արժանահավատությանը: Չէ՞ որ կան կողմեր, այդ թվում՝ Թուրքիան, որոնք տարբեր հարցերում և մինչ օրս համագործակցում են ԻԼԻՊ-ի հետ:

Դեռևս մարտ ամսին անդրադառնալով ռուսթուրքական հարաբերությունների վատացմանը՝ ասել էիք՝ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվելու են, և Ռուսաստանում մոռանալու են Հայկական հարցը։ Փաստորեն, այդպես եղավ՝ Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվեցին, ու հիմա նույնիսկ Թուրքիան առաջ է շարժվում Սիրիայում, ինչն այն ժամանակ թույլ չէր տա Ռուսաստանը։ Մերձավոր Արևելքի մաս կազմող Հայաստանին այս իրավիճակում ի՞նչ վտանգներ են սպառնում։

– Պատմության տարբեր ժամանակահատվածներում Հայաստանը միշտ էլ կրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ազդեցությունները: Այս հարցում նույնպես ոչինչ չի փոխվել և չի էլ փոխվելու: Մենք պետք է ունենանք արժանապատիվ կառավարություն, որպեսզի կարողանա արժանապատիվ քաղաքականություն վարել կողմերի հետ: Մենք պետք է ունենանք ժողովրդավարական, զարգացած երկիր և սխալվելու իրավունք չունեցող արտաքին քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ամեն գնով պաշտպանել մեր շահերը:

Իսկ Սիրիայի հայկական համայնքներն այս իրավիճակում ի՞նչ անելիքներ ունեն, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենան:

– Մանևրել, ճկուն լինել, փորձել բոլոր կողմերի հետ լեզու գտնել պատմական այս դժվար ժամանակներում: Հավատացեք, որ Ցեղասպանության տարիներին պակաս դժվար չէր: Հայերը երկու անգամ Սիրիայում վերջին հարյուր տարում մեծ ողբերգություն վերապրեցին, իսկ վերջին տարիների ընթացքում մարդկային ու նյութական շոշափելի կորուստներ ունեցան: Ճիշտ է, արտագաղթը մեծ է, բայց մեր համայնքները Սիրիայում դեռ կան: Մենք դեռ չգիտենք՝ ինչքա՞ն ժամանակ կշարունակվի պատերազմը, իսկ պատերազմի ավարտից հետո որքա՞ն ժամանակ կամ որքա՞ն տասնամյակներ կպահանջվեն՝ Սիրիայի վերականգնման համար: Ովքեր ուզում են տեղափոխվել, թեկուզ՝ ժամանակավոր, բնակության այլ վայրեր, նրանց պետք է օգնել: Ովքեր ցանկանում են մնալ, նույնպես աջակցության կարիք ունեն: Այնպես որ, մեր համայնքների համար հեշտ չէ: Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որն իր քաղաքացիների համար կդառնա ապահով ու բարեկեցիկ հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս