«Երևանում ցանկանում են կայացվող ոչ պոպուլյար որոշումների պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա». Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց իր հրաժարականի մասին։ Իշխող կուսակցությունն այս հրաժարականը որակում է՝ որպես Աբրահամյանի անձնական որոշում, թեև կան նաև կարծիքներ նույն իշխող կուսակցությունից, որ Հայաստանի շուրջ ընթացող վերջին իրադարձություններից հետո անհրաժեշտ էր ձևավորել այլ որակի Կառավարություն, ինչպես ավելի վաղ ՀՀ նախագահն էր խոստացել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀ նախագահը նախաձեռնեց այս փոփոխությունները։

– Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի գլխավոր պատճառն այն է, որ հուլիսյան անկարգությունների ժամանակ բողոքը, բացի մյուս բոլոր հարցերից, ուղղված էր նաև ներքաղաքական խնդիրներին, և դա հարուցված էր սոցիալական խնդիրներով։ Երկրում սոցիալական խնդիրների պատասխանատվությունն ավանդաբար կրում է Կառավարությունը, ուստի ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրեր այդ սոցիալական բողոքի համար, և տրամաբանական էր, որ սոցիալական բողոքի պատասխանատուն Հովիկ Աբրահամյանը դարձավ։

Հասարակության մի մեծ հատվածը կարծես անտարբեր է այս փոփոխության հանդեպ՝ չհավատալով, որ կլինեն փոփոխություններ։ Դուք հավատո՞ւմ եք, որ Կարեն Կարապետյանի նշանակմամբ Կառավարության որակը փոխվելու է։

– Բնականաբար, դա կախված կլինի այն բոլոր միջոցառումներից, որոնք նա կձեռնարկի։ Կարեն Կարապետյանի հետ անձամբ ծանոթ չեմ, ուստի չեմ կարող ասել, թե ինչ փոփոխություններ նա կնախաձեռնի, կփոխվի՞ արդյոք ՀՀ Կառավարության որակը, կվերանա՞ն արդյոք սոցիալական խնդիրները։ Ավելի լավ կլինի՝ հետագայում դատենք՝ որպես փաստ ունենալով նրա գործունեությունը։

– Հայաստանում քննարկվում է, որ Կարեն Կարապետյանի նշանակումը, ով կապեր ունի Մոսկվայում և աշխատում է «Գազպրոմում», ամենևին էլ պատահական չէ, և, որ ՀՀ իշխանությունները ժեստ են անում այս նշանակմամբ Մոսկվային, կամ նրա անձն է նախընտրելի Մոսկվայի համար։ Ըստ Ձեզ՝ Կարապետյանի նշանակումը կարո՞ղ է պայմանավորված լինել նրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքով։ Մոսկվայի համար կարևո՞ր է ՀՀ վարչապետի անձը։

– Դուք ճիշտ հարց տվեցիք, ճիշտ ենթադրություններով։ Առաջին հերթին՝ Մոսկվայի համար նշանակություն չունի, թե ով է ղեկավարում ՀՀ կառավարությունը, քանի որ Մոսկվան ավանդաբար քաղաքական, ռազմական, տնտեսական հարցերը առաջին հերթին՝ նախագահի հետ է քննարկում։ Ուստի Մոսկվան չունի և չի կարող տալ խորհուրդներ Կառավարության ղեկավարի անձի վերաբերյալ ՀՀ նախագահին։ Երկրորդ՝ այն մարդիկ, ովքեր Հայաստանում կարծում են, որ Կարեն Կարապետյանի նշանակումը ժեստ է՝ ուղղված Մոսկվային, այդ ժեստը պետք է ցուցադրի ինչ-որ բան հայ-ռուսական հարաբերություններում, ապա   դա այդպես է՝ դա ժեստ է։

Այդ ժեստը հասցեագրված է թե՛ Ռուսաստանին, թե՛ հայ հասարակությանը։ Իմ կարծիքով՝ այդ ժեստը պետք է ցույց տա, որ ՀՀ իշխանությունները կոորդինացնում են իրենց գործունեությունը Մոսկվայի հետ ներքին քաղաքականության ոլորտում։ Ես կարծում եմ, որ այդ ժեստը կրում է քաղաքական բնույթ և փորձում է ապացուցել այն, ինչն իրականում չկա։

Կարծում եմ, որ ճիշտ են դրված շեշտադրումները Հայաստանում, այդ ժեստը Մոսկվայինը չէ, այլ Երևանինը, իսկ ինչո՞ւ է Երևանին անհրաժեշտ ցույց տալ, որ իբրև թե գործում է Մոսկվայի ցանկությամբ, այլ հարց է, այստեղ կարելի է տեսական վերլուծություններ անել։

Ինչո՞ւ՝ ըստ Ձեզ։

– Ես կարծում եմ, որ  Երևանում ցանկանում են կայացվող ոչ պոպուլյար որոշումների պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա։

– Այդ դեպքում ինչպե՞ս Մոսկվան կգնահատի Երևանի այս քայլը, և դա ի՞նչ արդյունք կունենա։

– Ոչ մի կերպ չի գնահատի, դա Մոսկվայի ականջի կողքով կանցնի։ Մոսկվայում այդքան էլ ուշադիր չեն հետևում Հայաստանի քայլերին, որպեսզի դա ունենար ինչ-որ արդյունք։

Տեսանյութեր

Լրահոս