««Եվրատեսիլը» հայկական նոր անունների կարիք ունի». Գոհար Գասպարյան

Շուտով Առաջին հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նոր նախագիծը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետևել մրցութային դժվարին պայքարին, որն արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի «Եվրատեսիլ»»:

Նախագծի մասնակիցներին ընտրելու և ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլի» հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները,  ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան և Եսայի Ալթունյան:

Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլից և կտևի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում: Նոր նախագծի, ինչպես նաև ամուսնական կյանքի և աշխատանքի ընդհանրությունների մասին մենք զրուցեցինք հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի հետ:

Gohar Gasparyan (4)

Կարդացեք նաև

– Թեպետ, այս նախագծի վերջնական նպատակը «Եվրատեսիլն» է, սակայն բուն նախագիծը  նման է այն բոլոր երաժշտական նախագծերին, որտեղ ևս կա հայտնի ժյուրիի կազմ և անհայտ, բայց երգելու և բեմում լինելու մեծ ցանկությամբ մասնակիցներ: Գաղտնիք չէ, որ նմանատիպ նախագծերում  հաղթողի ընտրության արդարացիությունը շատ անգամ կասկածի տակ է դրվում հանրության կողմից: Ի՞նչ է արվելու այդ կասկածը վերացնելու նպատակով:

– Մենք չենք ցանկացել հեծանիվ հորինել, բայց մենք ունենք յուրահատուկ ձևաչափ և մեծ մրցանակ: Այս մրցույթում հաշվի ենք առնելու բեմում գտնվող մարդու հավաքական կերպարը՝ և՛ ձայնը, և՛ արտիստիզմը, և՛ համարձակությունը, և՛ մրցելու, պայքարելու ունակությունը:

Gohar Gasparyan (9)

– Չե՞ք կարծում, որ հայերս գերագնահատում ենք «Եվրատեսիլի» նշանակությունը: Մի տեսակ «ազգային կռիվ» ենք դարձրել, որտեղ մշտապես միայն բարոյական հաղթանակներ ենք կրում:

– Կարծում եմ՝ այդ մոտեցումը բնական է, քանի որ փոքր պետություն լինելով՝ ունենք լսելի լինելու մեծ ձգտում: «Եվրատեսիլը» մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի մեր երկրի անունը բազում անգամներ հնչի մեծ երկրների կողքին, որպեսզի սպորտային միջազգային մրցաշարերի նման՝ մեր երկրի դրոշը ծածանվի ու Եվրոպայի ուշադրության կենտրոնում լինի:

– Ամեն անգամ «Եվրատեսիլից» հետո, նեղացած երեխայի պես, ասում ենք, որ մենք նրանց հետ այլևս «չենք խաղալու»: Սակայն ամեն տարի կրկին փորձելու ախորժակներս նորովի է բացվում:

– Այս տարին ֆենոմենալ էր: Եղել էին հաջողություններ, շատ ավելի բարձր հորիզոնականներ էինք գրավում: Բայց անգամ այդ պարագայում շատ են եղել քննադատությունները:  Հայերիս դեպքում զբաղեցրած հորիզոնականը կապ չունի քննադատության առատության կամ սակավության հետ: Կապ ունի, թե ինչպե՞ս ներկայացավ արտիստը: Ուսումնասիրելով ամբողջ տեղեկատվությունը, քննարկումներն ու գնահատականները՝ հասկացել ենք, որ Հայաստանի ներկայացուցչի այս տարվա ելույթը միանշանակ դրական է ընդունվել հանրության կողմից: Մոտ 90%-ով բավարարվել էր, թե՛ հայերի, թե՛ եվրոպացիների ճաշակը: Իվետան իր կերպարով մասնակից բոլոր կանանց առաջատարն էր:

– Արդեն մի քանի տարի Դուք աջակցում եք մեր Եվրատեսիլյան մասնակիցներին: Ո՞րն է եղել ամենատպավորվող «Եվրատեսիլը» Ձեզ համար:

– Ամենատպավորիչը, անշուշտ, առաջին Եվրատեսիլն էր, քանի որ այն մի նոր, բոլորովին չբացահայտված աշխարհ էր: Հիշարժան էր նաև Սիրուշոյի մասնակցության տարին: Բացի նրանից, որ ես մամուլով էի զբաղվում՝ ռեպորտաժներ, օրագրեր, դրան հետևեց տեսահոլովակը, որը Սիրուշոյի երգի ռեմիքսի համար էր հավաքած: Այդ տեսահոլովակը ես և մեր մոնտաժողն էինք հավաքել: Արամ mp3-ի ժամանակ էր նաև շատ հետաքրքիր էր նրանով, որ հաղթանակն անհավանական մոտ էր:

Gohar Gasparyan (8)

– Տպավորություն է, որ եվրոպացիներն ուղղակի բեմ են բարձրանում բեմում խենթանալու, զվարճանալու… Ինչ ասես չի կատարվել այդ մրցույթի բեմում՝ ծաղրածուանման կերպարներից սկսած և մինչև երգող փափուկ խաղալիքներ… Եվ նրանցից հետո բեմ ենք բարձրանում մենք՝ «ժառանգական լրջությունը» հայացքներիս դրոշմված՝ պատմելու մեր ծիրանի կուտի, դուդուկի և  անգամ ազգային ողբերգության մասին: Իմա՞ստը:

– Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև այստեղ այնպիսի լուրջ դեմքեր են երգում և պարբերաբար մասնակցում ՝ նույն Եվրոպայից: Հատուկենտ դեպքեր միշտ լինում են մրցույթում համ ու հոտ մտցնելու համար միայն: Բացի այդ, բազմազանությունն ու խենթությունները միշտ հետաքրքիր են մարդկանց: Դրանք հիշվելու մեծ առավելություն ունեն:

Gohar Gasparyan (7)

– Որքա՞ն գումար է ծախսվում երգչին «Եվրատեսիլ» հասցնելու և լավ ելույթ ունենալու համար: Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությունը վճարում է նաև հեռարձակման համար:

– Այդ գումարը յուրաքանչյուր երկրի մոտ տարբեր է: Դա Եվրոպական հեռարձակողների միությունը որոշում է՝ ելնելով բնակչության թվից, երկրի տնտեսական վիճակից և մի շարք այլ հանգամանքներից: Ամեն երկրի համար իր հեռարձակման գումարն է սահմանվում: Ըստ պայմանագրի՝ այդ տվյալները կոնֆիդենցիալ են պահվում, քանի որ հեռարձակողների միջև անհամաձայնություններ կարող են առաջացնել:

Gohar Gasparyan (6)

– Պրոդյուսերները որքա՞ն գումար են ծախսում երգչին «Եվրատեսիլ» հասցնելու համար:   

– Ցավոք սրտի, մեր երկրում այնքան քիչ են երգչի վրա գումար ծախսող պրոդյուսերները, որ ակամա անելիքների մեծամասնությունն ընկնում է Հանրային հեռուստաընկերության ուսերին:

Օրինակ, Ռուսաստանն ամեն տարի այնպիսի գումարներ է ծախսում այդ մրցույթի վրա, որ մենք այդ գումարով մոտ 10 անգամ կմասնակցեինք «Եվրատեսիլին»: Պրոդյուսերներն ուղղակի կոկորդ են կտրում, որ իրենց երգիչը մասնակցի և միջազգային ճանաչում ձեռք բերի: Իսկ Հայաստանում երգիչների մեծամասնությանը թվում է, որ իրենք պետք է նստեն թախտին, սպասեն բախտին, որ «Եվրատեսիլն» իրենց դուռը թակի: Այնքան փոքր է ընտրությունը, ես կասեի՝ ընդհանրապես ընտրություն չկա, որ ստիպված տևական լուրջ ուսումնասիրություններ ու քննարկումներ ենք անցկացնում, մտածում՝ ո՞վ ներկայացնի, որ կարողանա համապատասխանել մրցույթի բարձր պահանջներին: Նույնը վերաբերում է նաև փոփ ժանրում ստեղծագործող երգահանների մեծամասնությանը: Հենց դրա համար էլ որոշեցինք այս տարի անցկացնել մեծ ազգային ընտրություն, որպեսզի նոր անուններն էլ հնարավորություն ստանան ճանաչվելու կարճ ժամանակում և ապացուցելու, որ հերթն իրենցն է: Հայաստանի համար «Եվրատեսիլը» նաև գտած գովազդային հարթակ է՝ զբոսաշրջության առումով: Ցավոք, զբոսաշրջության ոլորտի մեր մասնագետները դեռ չեն պատկերացնում «Եվրատեսիլի» ընձեռած հնարավորությունները:

– Չնայած երիտասարդ տարիքին, Ձեզ արդեն երիտասարդ հաղորդավարուհիների շրջանում կարելի է դասել «ամենաերկարակյաց» հաղորդավարուհիների շարքին… Ի վերջո, 20-ամյա փորձ ունեք այս ոլորտում: Որո՞նք են  մարդկային և մասնագիտական գլխավոր արժեքներն ու արժանիքները, որոնք օգնել են Ձեզ այս հարցում:

– Փոքրուց հեռուստատեսությունում եմ: Սիրում եմ հեռուստատեսությունն ամբողջությամբ, այլ ոչ թե ինձ՝ կադրում: Սիրում եմ մոնտաժողի, օպերատորի, ռեժիսորի աշխատանքը: Եթե ես եթերում չլինեմ, հաստատ անելիք կունենամ հեռուստատեսությունում, որովհետև դա ինձ հետաքրքիր է, դա ինձ հաճելի է: Ես թիմային մարդ եմ, իսկ հեռուստատեսությունը թիմային աշխատանք է:

Gohar Gasparyan (3)

– Հազվադեպ հանդիպող հատկություն է՝ հատկապես հայերիս մոտ: Ինչպե՞ս եք ձեռք բերել թիմային մտածողություն:

– Թիմային մտածողությունս զարգացել է մանկուց՝ հենց հեռուստատեսության շնորհիվ: Բացի այդ, ծնողներս, չգիտես ինչո՞ւ, որոշել էին ինձ բասկետբոլի խմբակում ընդգրկել: Այս մարզաձևը ևս թիմային մտածողություն է պահանջում: Թիմի ոգին եմ եղել, չնայած խաղալուց չէի փայլում, բայց լավ ոգևորում էի:

– Բազմիցս Ձեզ և Ձեր ամուսնուն միասին տեսնելով հանրային միջոցառումների ժամանակ, նկատել եմ, որ Ձեր ամուսինն առանձնապես չի սիրում լինել ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում:

– Ճիշտ եք նկատել: Չնայած, աշխատանքի բերումով, սովոր եմ լինել ուշադրության կենտրոնում, բայց ինձ ևս դուր չի գալիս հաճախակի նկարվելն ու տարբեր միջոցառումներին պարտադիր լինելը: Դա հոգնեցնում է մարդկանց: Ես հարցազրույցներ էլ եմ քիչ տալիս: Ժամանակ առ ժամանակ փորձում եմ փոքր-ինչ ստվերում մնալ:

Gohar Gasparyan (1) Gohar Gasparyan (5)

– Որո՞նք են ամուսնացած և չամուսնացած կնոջ մտածելակերպի ակնառու տարբերությունները:

– Ես ուրախ եմ, որ հասուն տարիքում եմ ամուսնացել: Կյանքի ընթացքում սովորել եմ կոնֆլիկտներ հարթել կամ խուսափել կոնֆլիկտներից: Ինչպես աշխատանքի մեջ, այնպես էլ՝ ամուսնական կյանքում, շատ մեծ գործոն է պատասխանատվությունը: Եթե մարդ չունի պատասխանատվության զգացում, նա ամեն տեղ խնդիրներ կունենա: Պետք է գիտակցել, որ դու պատասխանատու ես ոչ միայն քո համար, այլև քո ամուսնու և Ձեր ընտանիքի:  Դուք ընտանիքներով միացել եք, և այստեղ միայն դու չես՝ քո ցանկություններով և պլաններով: Պատասխանատվություն, փոխադարձ հարգանք և միանշանակ մեծ զգացմունք՝ սա է ամուր ընտանիքի հիմքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս