«Քոչարյանը ցուցմունք է տալիս 1999թ. հոկտեմբերի 27-ի գործով». Ստյոպա Սաֆարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև՝ երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:
Ղարաբաղյան կոնֆլիկտի մասով նա մասնավորապես նշել է. «Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն, հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այս հայտարարությամբ Քոչարյանը ցուցմունք է տալիս 1999թ. հոկտեմբերի 27-ի աջակցման մասով. «Հոկտեմբերի 27-ն օգնել է Ռոբերտ Քոչարյանին՝ հետաձգել ԼՂՀ կարգավորման հարցը։ Երբ Քոչարյանը խոսում է կարգավորմանը մոտ լինելու մասին, չմոռանանք, որ քիուեսթյան բանակցություններն էլ սկսվել էին 1998-99թթ., ու այն, ինչ քննարկվում էր 1999թ., հետագայում պետք է փաստաթղթի վերածվեր, ու դա Մեղրիի տարբերակ կոչվածն էր։ 1999թ. հոկտեմբերի 27-ն օգնեց Քոչարյանին՝ ստեղծել այնպիսի ճգնաժամ, որի արդյունքում նա ինքն իր դիրքերն ամրապնդեց երկրի ներսում և դա պատրվակ դարձրեց խուսափելու համար կարգավորման այդ պահին առաջարկված տարբերակից։ Դրա համար եմ ասում, որ այս հարցազրույցում խոսելով քիուեսթյան բանակցությունների մասին, ուղղակի ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով»։
Ս. Սաֆարյանը հիշեցնում է՝ Ռ. Քոչարյանն այն նախագահն էր, որը Հայաստանի անունից համաձայնություն էր տվել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև ընդհանուր պետության տարբերակին. «Այդպես անուղղակիորեն պաշտոնապես ընդունում ես, որ Ղարաբաղը կարող է նաև լինել ոչ Հայաստանի մաս։ Այստեղ տրամաբանությունն է կարևոր, ու Քոչարյանի կողմից դա արվել է։ Քի Ուեսթի մասին խոսելիս՝ նշում է, որ այդ տարբերակով Հայաստանը պետք է միացվեր ԼՂՀ-ին միջանցքով, բայց, իհարկե, չի հիշատակում այն, ինչի մասին խոսում էին արտերկրի դիվանագետները. Մեղրիի միջանցքը, որպես Լաչինի միջանցքին սիմետրիկ միջանցք, փոխանակելն էր՝ Նախիջևան-Ադրբեջան կապ ապահովելու համար։ Այսինքն՝ սա էլ մեկ այլ այլանդակություն, որ Քոչարյանը փոխզիջումների դաշտ էր ներքաշել նաև Հայաստանին։ Բարեբախտաբար, արդյունքները չեն ստացվել, բայց բանակցային գործընթացի պատմության մեջ մնացել է՝ որպես մի բան, երբ Հայաստանը նաև կողմ է արտահայտվում, որ ինքը հակամարտության կողմ է, ու իր հաշվին նույնպես կարող են զիջումներ լինել»։
Վերլուծաբանի խոսքով՝ հարցազրույցում Ռ. Քոչարյանը փորձում է Մադրիդյան սկզբունքները որպես ինչ-որ ընդհանուր հենք ներկայացնել, որի միայն մի կետն են ընդունել՝ կամարտահայտությունը, բայց մոռանում է, կամարտահայտություն՝ չի նշանակում՝ պարտադիր անկախացում. «Այն, ինչ այսօր քննարկվում է, հիմքը մադրիդյան սկզբունքներն են, որոնց բանակցությունները եղել են քիուեսթյան բանակցությունների տապալումից հետո, երբ արդեն կրտսեր Ալիևն իշխանության եկավ Ադրբեջանում, ու դրանից հետո՝ 2003թ. ի վեր, քննարկվում են մադրիդյան սկզբունքները, որոնք հենց իր նախագահության շրջանում Հայաստանին պաշտոնապես հանձնվեցին։ Այսինքն՝ այստեղ էլ ինքը անազնիվ է։ Այդ ամենը խորամանկորեն անելով՝ փորձում է ցույց տալ, որ հիմա վիճակը վատացել է, ռազմական բալանս է փոխվել, Հայաստանը մեկուսացել է։ Քոչարյանը պետք է մի բան հստակ հիշի, որ իր իշխանության ժամանակ իր արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը կարող է մեկուսացման պայմաններում հարյուր տարի զարգանալ և երկնիշ տնտեսական աճ ապահովել։ Սա Վարդան Օսկանյանի հայտարարությունն է եղել։
Այս կտրվածքով՝ ուղղակի մոռացության մատնել, որ Հայաստանի մեկուսացման պետական քաղաքականության հիմքերը դրվել են իր կողմից, ու իր իրավահաջորդին, որի գլխին գահն ինքն է դրել, մեղադրել մեկուսացման մեջ, էլի ազնիվ չէ։ Հենց իր ժամանակ Հայաստանը շրջանցեցին ՏՐԱՍԵԿԱ, «Ինոգեյթ» ռեգիոնալ խոշոր ծրագրերը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, և այսպես շարունակ։ Իր իսկ պաշտոնավարման ընթացքում գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը։ Այնպես որ, ինքը ոչ պակաս ռեկորդակիր է՝ Հայաստանը մեկուսացնելու, որքան այս իշխանություններին է ակնարկում»։
Ս. Սաֆարյանի խոսքով՝ քմծիծաղ են առաջացնում Ռ. Քոչարյանի այն խոսքերը, երբ կոչ է անում Հայաստանում արմատական բարեփոխումների, քաղաքական մրցակցության, արդար, լեգիտիմ ընտրությունների։
«Մի մարդ, որը քննադատում է «Սասնա ծռերի» գործողությունները՝ մոռանալով, որ 1999թ. հենց ուժային եղանակով քաղաքական հարց լուծելու ձև էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը, որը լուծեց ներքաղաքական թնջուկը, իր թիմի ու Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի միջև հակադրությունը, իր քաղաքական մրցակցության խնդիրը լուծելու ձև էր, որ «Առագաստ» սրճարանում մարդուն ծեծով սպանելը՝ թիկնապահի կողմից «պրիվետ, Ռոբ» ասելու համար, նույնպես ուժով հարց լուծելու ձև էր։ Այն քարոզչությունը, որ իր իշխանությունն էր փորձում տանել 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո պետական բոլոր քարոզչամեքենաներով՝ լոյալություն ստեղծելու Նաիրի Հունանյանի ու նրա խմբի նկատմամբ, այս ամենն իր ժամանակ ոչ պակաս չափով առկա երևույթներ են եղել։ Եվ եթե դատապարտված լիներ 1999թ. հոկտեմբերի 27-ը, եթե այդ հանցագործությունը բացահայտված լիներ, Հայաստանի ողբերգությունների կեսից ավելին այսօր չէին լինի։ Բայց երբ մարդիկ հիշում են, որ Մարտի 1 է եղել, որ Հոկտեմբերի 27 է եղել, նրանք չեն կարող հավատալ Քոչարյանի անկեղծությանը, նրա խոսքերին, որոնք չգիտես՝ ուղեղի մթագնման արդյո՞ւնք է, թե՞ ուղեղի պայծառացման»,- ասաց նա։
Ս. Սաֆարյանը նկատեց. «Այսօր խոսել Հայաստանի տնտեսության վատ վիճակի մասին՝ մոռանալով, թե 3 տարի առաջ ինքն ինչ էր ասում իր հարցազրույցներում, որ՝ այո, պետք է մտնել ԵՏՄ, բայց հաշվարկված, զգույշ, ամեն ինչ ճիշտ, կներեք, հիմա էլ ասում է՝ իշխանությունը պետք է վերլուծի։ Մենք արդեն վերլուծել ենք, բոլորս գիտենք, որ այս ողբերգությունը խորացել է այդ որոշման արդյունքում, որ Հայաստանի տնտեսությունը կանգնել է փակուղու առաջ՝ զրկվելով զարգացման և դիվերսիֆիկացվելու բոլոր հեռանկարներից ու հնարավորություններից։ Եթե իրենք՝ երեք նախագահներով, դա չէին գիտակցում, նշանակում է՝ մենք ողբերգության մեջ ենք եղել, որ նման նախագահներ ենք ունեցել, իսկ եթե գիտակցելով են դա արել, առաել ևս դավաճանություն են գործել ՀՀ-ի նկատմամբ»։
Հարցին՝ Ռ. Քոչարյանի խոսքերից կարելի՚՞ է եզրակացնել, որ նա առաջիկայում մեծ քաղաքականություն վերադառնալու հավակնություններ ունի, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Քոչարյանը միշտ փորձել է ներքաղաքական լարված իրավիճակների ժամանակ գլուխ բարձրացնել։ Դա արեց և՛ «Քառյակի» ժամանակ, և՛ սահմանադրական փոփոխությունների նախաշեմին, այժմ, երբ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, և, ըստ էության, «Սասնա ծռերի» գործողությունները չստեղծեցին երկրում բալանսները փոխելու իրավիճակ, և մենք վերադարձանք շրջանս յուր, Քոչարյանն այս ձևով է հայտ ներկայացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ուղղակի պլատֆորմն է ներկայացնում, բայց նա տապալված քաղաքական գործիչ է, նա քաղաքական գործիչ էլ չէ, տապալված պետական գործիչ է»։