«Հակամարտող երկրները ետին պլան են մղել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները». Սկակով
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, գործընթացները շարունակվում են հակամարտության ավանդական տրամաբանությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով կարգավորման բանակցություններին և սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում պլանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում` Ռուսաստանի կողմից՝ Իգոր Պոպովի մասնակցությամբ: «Համանախագահները հույս ունեն հաջորդ շաբաթ Մոսկվայում հանդիպել Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնական անձանց հետ: Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Նաև բանակցությունների սեղանի շուրջ մենք պլանավորում ենք քննարկել Ղարաբաղի կարգավորման հերթական քայլերը»,- այս մասին էր ասել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ալեքսանդր Սկակովը նշեց, որ կանխատեսելի էր կարգավորման գործընթացում ստեղծված պասիվ իրավիճակը, քանի որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական հանդիպումների արդյունքում էական առաջընթաց գործընթացում չարձանագրվեց: «Եվ, փաստորեն, նախագահները կրկին չեն հանդիպում, որին մի քանի պատճառ կարող է լինել: Առաջինը` նրանց նախորդ հանդիպումներում որևէ նոր գործընթացի սկիզբ չեն դրել, որը պետք է շարունակել, և տարաձայնությունները շարունակվել են: Երկրորդ` այլ խնդիրներ են առաջացել, թեև եղել է պայմանավորվածություն՝ ամրապնդել հրադադարը: Հակված եմ կարծել, որ գործ ունենք առաջին պատճառի հետ: Նախորդ հանդիպումների ընթացքում եզրեր են փնտրվել կողմերին մոտեցնելու համար, այդ եզրերը գուցեև չեն գտնվել, ՄԽ-ն բավարար ակտիվություն չի ցուցաբերել, հակամարտող երկրներում արդեն այլ քաղաքական գործընթացներ են զարգանում` Հայաստանում խորհրդարանական ընտրություններին են պատրաստվում, Ադրբեջանում` սահմանադրական փոփոխություններին: Սովորաբար նման գործընթացների դեպքում հակամարտող երկրները ետին պլան են մղել բանակցությունները, այստեղ աշխատանք ունեն անելու համանախագահները: Պետք է հիշել, որ հակամարտող երկրները ևս տարածաշրջանում բազում խնդիրներ ունեն, այս ամենը բարդացնում է առաջընթացը Ղարաբաղում»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը:
Վերջինիս համոզմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավարար ակտիվություն չեն ցուցաբերում: Հարցին, թե հանդիպման վայրը կապ ունի՞ արդյոք հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացում Ռուսաստանի առաջնային դիրքերի հետ, Սկակովը պատասխանեց, որ Ռուսաստանը կարգավորման որոշակի փուլերում առաջնորդություն է ստանձնել: Նա նաև նշեց, որ համանախագահները հանդիպումներ ունենում են առավելապես եվրոպական երկրներում: «Գուցե հաշվի է առնվել այն, որ ներկայումս Մոսկվան, գնահատելով պահի լրջությունը, ջանք չի խնայում կողմերին բանակցային սեղան նստեցնելու համար, հաշվի է առնվել նաև այն, որ Սանկտ Պետերբուրգում մասամբ կատարվեցին Վիեննայի պայմանավորվածությունները: Կարծում եմ` կարևոր է ոչ այնքան հանդիպման վայրը, որքան այն, որ համանախագահները պետք է քննարկեն կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը: Այն, փաստորեն, այդքան էլ լավ վիճակում չէ, քանի որ չկայացավ նախատեսվող նախագահական հանդիպումը»,- նկատեց Սկակովը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը Հայաստանից զիջումներ ենթադրող փաստաթուղթ է պարտադրում, ռուս վերլուծաբանն ասաց, որ, եթե խոսքը տարածքային զիջումների մասին է, ապա այդ մասին խոսվել է միշտ: «Դա նոր խոսակցություն չէ: Ասել, որ Ռուսաստանը պարտադրում է ինչ-որ փաթեթ կամ փաստաթուղթ, ևս սխալ է, այս հարցում Մոսկվան համերաշխ է իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, քանի որ այդ մասին բոլոր խոսակցությունները Ռուսաստանից հերքվում են պաշտոնական մակարդակով: Ավելին, նման փաստաթղթերը դրվում են բանակցային սեղանին, երբ շփման գիծը կայունանում է, անմիջապես ապրիլյան պատերազմին հաջորդած հանդիպումներում չէին կարող քննարկվել նման փաստաթղթեր, այդ հանդիպումների ընթացքում նույնիսկ հրադադարի ամրապնդման հարցում կողմերը համաձայնության չեն եկել»,- ասաց Ալեքսանդր Սկակովը: