Բաժիններ՝

Գերմանիայի իշխող կուսակցության քարտուղարը պաշտպանել է Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը

Գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության անդամ և գլխավոր քարտուղար, Բունդեսթագի պատգամավոր Փեթեր Թաուբերը հայտարարել է, որ Գերմանիան հետքայլ չի անելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից:

Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում:
«Ոչ մի հետքայլ չի արվել Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, որովհետև բանաձևը եղել է և դա ճշմարիտ է:

Որպես Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար, որպես կուսակցության անդամ, բայց նաև` որպես պատմաբան, ես ամբողջությամբ այդ բանաձևի հետևում կանգնած եմ: Դա ապացուցում է, որ Spiegel online-ի ընթացիկ հաղորդագրությունը սխալ է»,- գրել է գերմանացի քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ գերմանական Spiegel թերթն այսօր հայտնել էր, թե Գերմանիայի կառավարությունը պլանավորում է հրապարակավ հետքայլ կատարել այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն:

Փոխարենը Թուրքիան չեղյալ պետք է հայտարարեր Թուրքիայի արևելքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի խորհրդարանականների այցի նկատմամբ սահմանված արգելքը:

Այս հարցի վերաբերյալ համաձայնությունը Անկարայի հետ արդեն ձեռք է բերվել: Ինչպես հայտնում է Spiegel-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, Գերմանիայի կանցլերի վարչակազմն ու Գերմանիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են, որ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերթը հանդես կգա մամուլի առաջ և հայտարարություն կանի այն մասին, որ Գերմանիայի կառավարությունը հետ է քաշվելու տվյալ բանաձևից:

Պարբերականը գրում է, որ երկար ժամանակ Գերմանիայի կոալիցիոն կառավարության ներսում բանակցություններ էին ընթանում այն մասին, թե ով հանդես կգա բանաձևի վերաբերյալ նման հայտարարությամբ:

Սակայն ո´չ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ո´չ կանցլեր Անգելա Մերկելը չեն ցանկացել իրենց վրա նման դեր վերցնել, քանի որ դա հասարակությունը կընկալեր որպես ծնրադրություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջ:

Ինչպես գրել է Spiegel-ը, Մերկելի և Շտայնմայերի դիրքորոշման փոփոխություն փաստացի տեղի չի ունեցել Բունդեսթագի բանաձևի նկատմամբ: Երկու քաղաքական գործիչներն էլ կարծում էին, որ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը այնքան էլ «լավ գաղափար չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս