«Ադրբեջանը դա չի ուզում, մենք էլ այլ կերպ չենք ուզում, քանի որ մի թիզ հողի զիջումը կարող է Ղարաբաղի վերանալու պատճառ դառնալ»

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ անկախություն ստանալով՝ ԼՂ-ն պետք է լինի անկախ պետություն իր բոլոր իրավունքներով և պարտականություններով, ինչպես նաև միանա Հայաստանին, և երկուսը միասին դառնան մեկ պետականություն: «Այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, ոչ միայն ազգային, այլ նաև, կարծում եմ, միջազգային կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն եղավ»,- ասաց նա:

Անդրադառնալով ԼՂ-ի դերին, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ Արման Նավասարդյանը նշեց, որ անկախ նրանից՝ համարվո՞ւմ է միջազգային իրավունքի սուբյեկտ թե՞ ոչ, այն անքակտելի կերպով կապված է բոլոր իրադարձությունների հետ, որոնք ընթանում են աշխարհում: Նրա խոսքով՝ վերջերս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները անմիջական իրենց անդրադարձը կարող են ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂ ճակատագրի վրա, քանի որ երկուսն էլ Մերձավոր Արևելքի անբաժան մասնիկն են:

«Իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է: Պատահական չէ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրում է պայմանագիր միացյալ ռազմական գործողությունների, միացյալ ՀՕՊ-ի վերաբերյալ: Եթե սրվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարող է տեղի ունենալ իրադրության լարում, որը ձեռնտու չէ մեզ համար՝ մասնավորապես Ղարաբաղյան հարցի հետ կապված: Վերջինս սառեցված վիճակում է: Հայաստանը չգնաց այն պահանջներն ընդունելուն, որոնք դրվում էին նրա առաջ, և դա ամենաճիշտ լուծումն է՝ ստատուս քվոն պահպանել այնքան, որքան հնարավոր է»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ԼՂ-ը դառնում է խնդրի լուծման ծանրության կենտրոն, սակայն հարցի սառեցված լինելը դեռ չի նշանակում, որ ռազմական վտանգը անհետացած է:

«Միջազգային բոլոր օրենքներով Ղարաբաղը կարող է անկախանալ: Ադրբեջանը դա չի ուզում, մենք էլ այլ կերպ չենք ուզում, քանի որ մի թիզ հողի զիջումը կարող է Ղարաբաղի վերանալու պատճառ դառնալ: Մեր օգտին չլուծվելու դեպքում Ղարաբաղի վրա կախված վտանգը կախվում է նաև Հայաստանի վրա»,- նշեց Արման Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս