Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքները
(Կրկնվող հետազոտության համեմատական տվյալներ)
2016 թ.-ի օգոստոսին Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որում առաջադրված խնդիրներից է եղել նաև պարզել հասարակության դիրքորոշումը Հայաստանի՝ դեպի Հյուսիս կամ Արևմուտք կողմնորոշման վերաբերյալ: Ուսումնասիրությունն իրականացվել է 1200 հոգու շրջանակներում (95% վստահության միջակայքում, ±2.8% սխալի մեծությամբ), կիսաստանդարտացված հարցազրույցների մեթոդով՝ CAPI-ի տեխնիկայի կիրառմամբ: Ստացված տվյալները համեմատվել են նախորդ երկու տարիներին (2014թ. և 2015թ.) իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ:
Հարցվածների կարծիքը` միջազգային կառույցներին Հայաստանի ցանկալի անդամակցության վերաբերյալ, հետևյալն է. 41%-ն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոպական կառույցներին (Եվրամիությանը), 25%-ը՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), 6%-ը՝ և՛ Եվրամիությանը, և՛ ԵՏՄ-ին, իսկ 9%-ը դեմ է արտահայտվել նշված կառույցներից որևէ մեկին Հայաստանի անդամակցության առնչությամբ:
Համեմատելով նախորդ երկու տարիներին իրականացված հետազոտությունների արդյունքների հետ՝ նկատելի է նախապատվությունների հստակ փոփոխություն: Այսպես՝ 2014 և 2015թթ-ին Եվրամիության անդամակցության կողմնակիցների տոկոսը կազմել է, համապատասխանաբար, 25% և 24%, ԵՏՄ-ին՝ 38% և 36%, և՛ Եվրամիությանը, և՛ ԵՏՄ-ին՝ 12% և 13%, որևէ կառույցի՝ Հայաստանի անդամակցությանը դեմ են եղել հարցվողների 10%-ը և 8%-ը: Ստացված տվյալները ցույց են տալիս նախապատվությունների հստակ փոփոխություն ԵՏՄ-ից դեպի Եվրամիություն: Եվրամիությանը նախապատվություն տվողների թիվն առավել բարձր է 18-25 տարեկան տարիքային խմբում և իգական սեռի ներկայացուցիչների շրջանում:
Ի դեպ՝ նշենք, որ Եվրամիությանը նախապատվություն տվողների թիվը գերակշռում է՝ անկախ բնակավայրի տեսակից:
Միջազգային կառույցներին անդամակության նախապատվությունների հիմնավորվածությունը բացահայտելու նպատակով պարզվել է հարցվողների կարծիքը՝ Հայաստանի հանդեպ այդ կառույցների անդամ պետությունների ունեցած դիրքորոշման վերաբերյալ: Հայաստանի հանդեպ բարեկամական հարաբերություններ դրսևորող երկրների ցանկում առաջնային տեղում է Ֆրանսիան (78.8%), ապա՝ Ռուսաստանը (61.1%) , Գերմանիան (53.8%), Հունաստանը (48.9%) և Չինաստանը(44.8%):
Ըստ հարցվողների՝ Հայաստանի հանդեպ ամենաթշնամական տրամադրված են Ադրբեջանը (96.6%) և Թուրքիան (91.3%): Բարեկամ և թշնամի պետությունների ընկալումների միջինացված արդյունքների հաշվարկը ցույց է տալիս, որ դրական ընկալումներն ավելի շատ գերակշռում են Եվրամիության, քան ԵՏՄ անդամ պետությունների (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) նկատմամբ:
Հետաքրական է, որ Ռուսաստանին որպես բարեկամ երկիր համարողների 39.3%-ը նախապատվություն է տալիս Եվրոպական միության անդամակցությանը, իսկ ԵՏՄ-ին՝ 29.7%:
Անդամակցության նախապատվությունները դիտարկվել են նաև երկրի ապագայի հանդեպ բնակչության ունեցած սպասումների տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայումս ԵՏՄ անդամ երկիր է: Հարցվածների 72%-ի կարծիքով՝ Հայաստանում վիճակը գնալով վատանում է: Հայաստանի ապագան հոռետեսորեն պատկերացնողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուն: Հետազոտության ընթացքում քննարկվել են նաև հարցվողների միգրացիոն մտադրությունները: Այն հարցին, թե հնարավորության դեպքում արդյոք կմեկնեի՞ք Հայաստանից դուրս մշտական բնակության, հարցվողների 42%-ը տվել է «միանշանակ այո» և 17%-ը՝ «հավանաբար այո» պատասխաններ: Նկատենք, որ 2014, 2015 և 2016 թվականներին արտագաղթելու ցանկություն հայտնացների թիվը աճի միտում ունի: Արտագաղթելու ցանկություն հայտնածների թիվն առավել բարձր է Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների մոտ:
«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքներ» հետազոտությունը պատրաստվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում՝ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ:
Հետազոտության մեջ տեղ գտած կարծիքները հեղինակներինն են և հնարավոր է, որ չհամապատասխանեն ֆինանսավորող կազմակերպության տեսակետներին:
Մանրամասն՝ այստեղ.
2016 թ. սեպտեմբերի 1, Մեդիա Կենտրոն, ք. Երևան