«Ապրիլյան պատերազմը ցույց էր տվել միջազգային հանրությանը, որ Ղարաբաղյան հակամարտության մասին մոռանալ չի կարելի». գերմանացի վերլուծաբան

«Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը թույլ չտվեց, որպեսզի Գերմանիայի ջանքերը ԼՂ հակամարտության գոտում իրենց նպաստը բերեն կարգավորման գործընթացին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին:

Նա նշեց, որ Ադրբեջանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները ժամանակավորապես մի կողմ կնետեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն ու ընդհանրապես ակտիվությունը շփման գծում: «Սակայն դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենան այս փոփոխությունները կարգավորման գործընթացի կամ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, քանի որ էլ ավելի կամրապնդվեն նախագահի դիրքերն ու նրա կամքը:

Այնուամենայնիվ, վերջին իրադարձություններն ու զարգացումները ցույց են տալիս, որ բանակցային ակտիվությունը ԼՂ հակամարտության շուրջ մարեց, ինչը միջազգային պրակտիկայում բնական է` երբ լարվածություն է բռնկվում ինչ-որ հակամարտության գոտում, միջազգային դերակատարները մոբիլիզացնում են իրենց ուժերը, իսկ երբ հարաբերական հանգիստ է` հակամարտությունը մոռանում են: Սակայն ապրիլյան պատերազմը ցույց էր տվել միջազգային հանրությանը, որ ԼՂ հակամարտության պայթյունավտանգ կարգավիճակի մասին մոռանալ չի կարելի»,- ընդգծեց գերմանացի վերլուծաբանը: Վերջինիս տպավորությամբ՝ Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո հույս կար, որ կողմերը կհայտնեն ինչ-որ կարևոր որոշման մասին:

«Թվում էր, թե բանակցություններն ինտենսիվորեն առաջ են գնում, խոսակցություններ ու տեղեկատվություններ կային փաստաթղթերի մասին, սակայն կողմերը, ըստ ամենայնի, կրկին համաձայնության չեկան, և գործընթացը փակուղի է մտնում»,- ասաց Հալբախը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի ակտիվությանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, Հալբախը գտնում է, որ Գերմանիան իսկապես ցանկանում էր իր դրական ներդրումն ունենալ կարգավորման գործընթացում, որի նպատակով իրեն բավականին ակտիվ դրսևորած Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերը տարածաշրջանային այց կատարեց` փորձելով շոշափել հակամարտող երկրների տրամադրությունները:

«Սակայն, իմ համոզմամբ, Ռուսաստան-Արևմուտք, այդ թվում՝ Ռուսաստան-Գերմանիա լարվածությունը, տարածաշրջանում տիրող իրավիճակը թույլ չտվեց, որպեսզի այդ ջանքերն իրենց նպաստը բերեն կարգավորման գործընթացին: Հակամարտության հարևանությունը ևս վտանգավոր է, ինչը բարդ իրավիճակ է ստեղծել թե՛ հակամարտող երկրների, թե՛ միջնորդների համար»,- ասաց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս