Բաժիններ՝

Փողը երկրից գնում է. բացասական ներդրումների ժամանակը

2016թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -16.9 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Այո, ներդրումների հոսքը բացասական մեծություն ունի։ 2015 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը եղել է 81.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ զուտ հոսքերի մեծությունը նվազել է 98.8 մլրդ դրամով։

Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Բացասական մեծությունը նշանակում է, որ ավելի շատ գումար «դուրս» ենք տվել, քան ստացել։

Այդ թվում՝ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նվազել են 14.1 մլրդ դրամով՝ 30.7 մլրդից հասնելով 16.6 մլրդի։ Այստեղ նույնպես նվազում կա, սակայն զուտ հոսքը դրական մեծություն ունի։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ընդամենը ներդրումները, ըստ ԱՎԾ-ի ծանոթագրության, ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները։ Իսկ այս վերջինի՝ այլի մեջ, վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները:

Այսինքն, տեղի է ունեցել ֆինանսական արտահոսք, որը կարող է լինել վարկ տալու, վարկ մարելու, շահույթը դուրս հանելու կամ արտասահմանյան պարտատոմսեր գնելու միջոցով։

Մաքուր ֆինանսական արտահոսքի չափը կազմում է մոտ 33 մլրդ դրամ (ընդամենը ներդրումների և ուղղակի ներդրումների տարբերությունը)։

Իսկ ի՞նչ արտահոսքի մասին է խոսքը՝ որ ուղղությամբ և ինչ գծով։ Այս հարցին դժվար է կոնկրետ պատասխանել, սակայն մոտավոր պատկերացում, ըստ ներկայացված տվյալների, կարելի է կազմել։

Ինչպես երևում է զեկույցից՝ ըստ երկրների ընդամենը ներդրումների մասով ամենամեծ նվազումն ունեցել ենք Ռուսաստանի գծով՝ -30 մլրդ։ Հաջորդ տեղում Կիպրոսն է՝ -13.4 մլրդ, որին հաջորդում են Գերմանիան և Արգենտինան՝ – 9 մլրդ դրամ։

Ըստ ոլորտների՝ ամենամեծ արտահոսքը գրանցվել է հիմնային մետաղների արտադրության գծով՝ 29.9 մլրդ, մետաղական հանքաքարի արդյունահանման գծով՝ 16.8 մլրդ, և էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման գծով՝ 15.4 մլրդ դրամ։

Ֆինանսական արտահոսքի կոնկրետ ուղղությունները այս երկուսի՝ երկրների և ոլորտների համադրության մեջ են թաքնված։ Իսկ դա արդեն չափազանց դժվար լուծվող խնդիր է՝ հաշվի առնելով թափանցիկության պակասը։

Այստեղ կարող են ընդամենը ենթադրություններ լինել։ Օրինակ, հաշվի առնելով Ռուսաստանի գծով մեծ արտահոսքն ու միաժամանակ էլեկտրաէներգիայի գծով արտահոսքը՝ կարելի է ենթադրել, որ օրինակ, ՀԷՑ-ը մարել է Ինտեր ՌԱՕԵԷՍ -ին ունեցած 15 միլիոն եվրոյի վարկը։ Սակայն որքանով է դա համապատասխանում իրականությանն ու մնացած գումարն ուր է գնացել՝ անհնար է ասել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս