Ընտրության մասնակիցների ցուցակների հրապարկումը չի բացառվում. ընդդիմության հետ բանակցությունները կշարունակվեն

Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք և անելու են հնարավորը` Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ ներդնելու համար, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հիշեցնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, ըստ որի` իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում ԸՕ-­ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվում:

«ՀՀԿ-­ն անելու է հնարավորը, որպեսզի ԸՕ­ում ներդրվեն վստահության մեխանիզմներ`ընտրական պրոցեսների և արդյունքների վերաբերյալ հանրության վստահությունը բարձրացնելու համար: Մենք չենք բացառում նոր լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, միգուցե նաև՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարկումը, կեղծարարության պատժաչափի խստացումը: Բանակցությունները կշարունակվեն ընդդիմության հետ, և մենք կարող ենք գալ նոր ընդհանուր համաձայնության, որպեսզի ընտրություններն անցկացնենք բարեփոխված Ընտրական օրենսգրքով: Տեխնիկական պատճառները, որոնց հետևանքով նախորդ պայմանավորվածությունները կյանքի կոչել հնարավոր չէ, խորչընդոտ չենք համարելու` նոր բարեփոխում անելու հարցում, որպեսզի ունենանք բոլորի կողմից վստահության արժանացած Ընտրական օրենսգիրք»,­- «Արմենպրես»­-ի փոխանցմամբ` ասաց Շարմազանովը:

Միաժամանակ, նա նշեց, որ ուշադիր հետևել է որոշ ընդդիմադիր գործընկերների մեկնաբանություններին, ովքեր շտապել են հայտարարել, թե իշխանությունը չունի քաղաքական կամք: «Մենք ունենք քաղաքական կամք և անելու ենք հնարավորը, որպեսզի ԸՕ-­ում լինեն մեխանիզմներ, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը, չեմ բացառում նաև ընտրացուցակների հրապարկումը»,- կրկնեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031