
Կարեն Միրզոյանն արժևորել է Քրիս Բոհջալյանի ներդրումը համահայկական հարցերը բարձրաձայնելու գործում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էր նաև ամերիկահայ հայտնի արձակագիր Քրիս Բոհջալյանը։
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Միրզոյանը ողջունել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերը և կարծիք հայտնել, որ դրանք զգալիորեն նպաստում են Արցախի համայնքների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ջանքերը՝ կարևորելով նաև միջազգային հանրությանը Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն արժևորել է Քրիս Բոհջալյանի զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության և համահայկական նշանակություն ունեցող հարցերը բարձրաձայնելու գործում։