Բաժիններ՝

Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի հաղթողները

Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի հաղթողները: Մրցման փակման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ովքեր պարգևատրել են հաղթողներին ու մրցանակակիրներին:

Նախարար Գաբրիել Ղազարյանը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել մրցումներին հաջող մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել մարզիկներին ֆիզկուլտուրայով և սպորտով ակտիվորեն զբաղվելու համար:

«Հարգելի´ մարզիկներ, դուք հասարակության լիիրավ անդամներ եք, մշտապես հիշե՛ք այդ մասին: Հիշեք նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բոլոր խնդիրները ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, և համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- ասել է Գ. Ղազարյանը:

Ներկաներին ողջունել և հետագա հաջողություններ է մաղթել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Մրցումների հաղթողները և մրցանակակիրները արժանացել են ՀՀ նախագահի դրամական մրցանակներին և գավաթներին:

Բոլոր անհատական մրցաձևերում 1-ին տեղը զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են 150 000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 140 000-ական դրամով և 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 130 000-ական դրամով:

Մրցումների միակ խաղային մրցաձևի՝ բասկետբոլի մրցումներում 1-ին տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամները պարգևատրվել են 130 000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրած թիմի անդամները՝ 120 000-ական դրամով և 3-րդ տեղը զբաղեցրած թիմի անդամները՝ 110 000-ական դրամով:

Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Երևանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Սյունիքի և Լոռու մարզերի թիմերը, որոնք արժանացել են հատուկ գավաթների: Միջոցառման ավարտին նախարարներ Ղազարյանը և Ասատրյանը 12 մարզիկների հանձնել են մարզումների համար նախատեսված հատուկ անվասայլակներ:

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 28-ին, որին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական խնդիրներ և մտավոր սահմանափակումներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս