«Չկա այն մեկը, ով կարող է հենց այնպես գալ և տարածք զիջել»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար տարածքներ զիջելու մասին խոսակցություններին: Լրագրողների հետ զրույցում Թ. Պողոսյանը նշեց, որ նախ՝ չկա այն մեկը, ով կարող է հենց այնպես գալ և տարածք զիջել, և հավելեց, որ Արցախում նման տրամադրություններ ընդհանրապես չկան: «Չեմ ցանկանում գիտական ուսումնասիրություններ ներկայացնել, կան նաև սոցհարցման արդյունքներ, որոնցով պարզ է դառնում, որ Արցախում չկա նման տրամադրություն»,- ասաց նա:
Նա հավելեց, որ միջազգային քաղաքական իրադրությունն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում՝ հիշեցնելով ռուս-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները: «Ամեն օր փոփոխություն է լինում, բայց պետք է իմանանք, որ ցանկացած փոփոխության դիմանալու համար մենք պետք է ներսում մեր տան հիմքերը ամրացնենք, որպեսզի բոլորն առաջնորդվեն հայկական շահերով»,- ասաց Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները դասեր քաղել են, բայց դա բավարար չէ: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ավելի վճռական լինեն եղած թերությունների համար մեղավորներին պատժելու հարցում և չբավարարվեն միայն նրանց աշխատանքից հեռացնելով:
Թևան Պողոսյանը վստահեցնում է, որ հայկական բանակն ունի և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական ներուժ և կարող է ամբողջությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները: