«Ադրբեջանը ցույց տվեց, որ հրաժարվում է ցանկացած բանակցությունից և փոխզիջումից». Շիրակ Թորոսյան
ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկացած զարգացումների: Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը և դրանից հետո ընթացող գործընթացները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմն անվստահելի գործընկեր է: «Անվստահելի է ո՛չ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, այլ նաև միջազգային հանրության համար: Հետևաբար՝ գործնականորեն մենք պետք է պատրաստ լինենք ԼՂ հակամարտության ցանկացած զարգացմանը, ինչը մենք հիմա անում ենք: Դա առաջնագծի ամրապնդումն է, բանակի ուժեղացումն է, սպառազինության համալրումն է և բարոյահոգեբանական վիճակի բարելավումը»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նրա՝ Վիեննայում և Սանկ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկակի է հանդես գալիս ԼՂ հակամարտության լուծման գործում: «Ադրբեջանի համար առաջին հարթակը միջազգային հանրության հետ շփումն է: Մյուսը՝ իր ներքին լսարանն է, որտեղ Ադրբեջանը բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում խնդիրներին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը մեզ համար և միջազգային հանրության համար անվստահելի գործընկեր է»,- ասաց Շ. Թորոսյանը:
Միաժամանակ նա նկատեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ցանկացած բանակցություններից:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում ռազմական ուժի միջոցով հակամարտությունը լուծելու միտումից: Այդ քայլով Ադրբեջանը ցույց տվեց, որ հրաժարվում է ցանկացած բանակցությունից և փոխզիջումից»,- ասաց Շիրակ Թորոսյանը: