ԼՂ հարցով առաջարկների տորպեդահարումը ագրեսորի ադրբեջանական ձեռագրի ապացույցն է. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Վարշավայում մեկնարկած՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Լեհաստանի Հանրապետության Սեյմում օգոստոսի 30-­ին հանդիպել է Սեյմի փոխնախագահ Ռիշարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը Հերմինե Նաղդալյանին ուղեկցում էին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էդգար Ղազարյանը, ԵԽԽՎ-­ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Վլոդիմիր Բերնացկին և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից՝ հավելելով.

«Ողջունելով իր հայ գործընկերոջը սեփական հարկի տակ՝ Սեյմի փոխնախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են բովանդակային խորություն ունեցող օրակարգով: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, այդ թվում նաև երկու երկրների նախագահների մակարդակով:

Որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ, երկու բարձրաստիճան խորհրդարանականների կողմից ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության դերը, որի զարգացման գործում էական է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր հերթին մեծապես կարևորել է հայ­լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև կառուցողական փոխգործակցության զարգացման կարևորությունը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստան­Եվրոպական Միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է:

Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետևողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական Միության հետ: Ողջունելով եվրոպական քննարկումների այս ձևաչափը, Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ այն կծառայի եվրոպական բազմաթիվ ժամանակակից մարտահրավերների լուծման ուղիներ գտնելուն, իսկ մարտահրավերները հայտնի են` երկակի ստանդարտներ, անարդարություն, միգրացիա, տեռորիզմ և այլն:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրներից մեկին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հերմինե Նաղդալյանը իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների և դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին»,- ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ շեշտելով, որ Հայաստանը թեև դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցևայնպես, ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:

Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Արցախի ժողովուրդը արդեն 25 տարի կառուցել է իր պետությունը, որը ժողովրդավարության բոլոր չափանիշներով բազմիցս գերազանցում է Ադրբեջանին, և արցախցին այսօր ձգտում է միայն մեկ բանի` իր բնօրրանում ապահովել իր խաղաղ կյանքն ու բնականոն զարգացումը:

ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսորի ձեռագիր են ներկայացնում, այդ թվում` բանակցությունների ողջ գործընթացում կառուցողական, հումանիստական բոլոր առաջարկների տորպեդահարումը և արգելափակումը դրա վառ ապացույցն են:

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը իր երախտագիտությունն է հայտնել լեհ գործընկերոջը՝ ջերմ ընդունելության և հանդիպման համար:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովը իր աշխատանքները կշարունակի նաև վաղը` օգոստոսի 31-­ին: Հավելենք, որ Համաժողովին մասնակցում են ավելի քան տասը երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ»:

Տեսանյութեր

Լրահոս