Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքները. Forbes
Ռուսական Forbes-ը կազմել է երկրի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի ընտանիքը: Նրա կարողությունը գնահատվում է 9,8 մլրդ դոլար եւ մեկ տարում ավելացել է գրեթե 2,5 անգամ: Նշվում է, որ բիզնեսում բաժնեմասեր ունեն նրա կրտսեր եղբայրը՝ Սայիթ-Սալաման եւ զարմիկը՝ Միխայիլ Շիշխանովը:
Երկրորդ հորիզոնականում Արկադի Ռոտենբերգի՝ «Ստրոյգազմոնտաժ» ընկերության ղեկավարի ընտանիքն է, որի կարողությունը կազմում է 2,8 մլրդ դոլար: Նույնքան գումար էլ հաջողվել է վաստակել Ալեքսեյ եւ Դմիտրի Անանեւ եղբայրներին, որոնց, մասնավորապես, պատկանում են «Վոզրոժդենիե» բանկը եւ «Պրոմսվյազբանկը»:
Չորրորդ տեղում Նիկոլայ Շամալովի ընտանիքն է՝ 2,4 մլրդ դոլար կարողությամբ: Rambler News Service-ը նշում է, որ այս ընտանիքն առաջին անգամ է տեղ գտել վարկանիշում: Առաջատարների հնգյակը եզրափակում են Ռադիկ եւ Այրատ Շայմիեւները՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:
Վեցերորդ հորիզոնականը բաժին է հասել Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին (1,4 մլրդ դոլար), յոթերորդը Բաժաեւների ընտանիքին (1,25 մլրդ դոլար), ութերորդը՝ Ռահիմկուլովներին (1,2 մլրդ դոլար), իսկ իններորդը՝ Մահոմեդ եւ Զիաուդին Մահոմեդովներին (1,15 մլրդ դոլար): 10-րդ դիրքում Մուցոեւների ընտանիքն է (950 մլն դոլար):
Մայիս ամսին Forbes-ը կազմել էր ռուս միլիարդատերերի ժառանգների վարկանիշը: Հանդեսի վարկածով՝ նրանցից ամենահարուստը «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիթ Ալեքպերովի որդին է՝ Յուսուֆը (ծնված 1990 թվականին):