
Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիային և Ուկրաինային առնչվող հարցեր

Սիրիայում ստեղծված իրավիճակը և ուկրաինական խնդիրն են այսօր հեռախոսազրույցում քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել է Սիրիայում իրավիճակը, ներառյալ Հալեպի շուրջ ստեղծված դրությունը, որտեղ Սիրիայի կառավարական ուժերը ռուս զինվորականների աջակցությամբ անցկացնում են մարդասիրական օպերացիա, և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործողություններն ահաբեկիչների դեմ պայքարում` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման համատեքստում, ներառյալ ամերիկյան կողմնորոշում ունեցող սիրիական ընդդիմության ջոկատների տարանջատումը նրանց անվանման տակ հանդես եկող ահաբեկչական խմբավորումներից, որոնց վրա չի տարածվում զինադադարի ռեժիմը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Ինչպես նշել են ԱԳՆ-ում, տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակություն ուկրաինական խնդրի շուրջ:
«Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել Կիևում իր ազդեցությունը` նրան սադրանքներից հետ պահելու համար և մղելու Դոնբասի հետ երկխոսության և բոլոր պայմանավորվածությունների կատարման, որոնք ամրագրված են Մինսկի «Միջոցառումների համալիրում» և «Նորմանդական քառյակի» գործունության շրջանակներում»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից RIA Novosti գործակալությանը: