Top Gear-ի նախկին հաղորդավարները սոցցանց են ստեղծում ավտոսիրողների համար
Drivetribe սոցիալական ցանցի նախագիծը, որն ստեղծում են Top Gear շոուի նախկին հաղորդավարներ Ջերեմի Քլարքսոնը, Ռիչարդ Հեմոնդը եւ Ջեյմս Մեյը, հավաքել է ավելի քան 5 միլիոն ներդրումներ, հաղորդում է BBC-ն:
Drivetribe-ը սոցիալական ցանց է ավտոմոբիլիստների համար: «Գեյմերներն ունեն Twitch, ճանապարհորդները՝ Tripadvisor, պճնասերները նույնպես ինչ-որ բան ունեն: Իսկ ահա ավտոմոբիլիստները՝ ոչինչ չունեն»,- իր ցանցում ծրագիրը նկարագրում է BBC-ի նախկին աշխատակից Ռիչարդ Հեմոնդը:
Ավտոմոբիլիստների հաղորդակցման համար հարթակը կունենա արդի սոցիալական ցանցի բոլոր գործառույթները: Այն հնարավորություն կընձեռի ներբեռնելու օգտատերերի տեսագրությունները, այնտեղ կզետեղվեն հենց հաղորդավարների նկարահանած տեսահոլովակները:
Ներդրողներից մեկի գնահատմամբ՝ միայն Facebook-ում գրանցված են ավելի քան 400 միլիոն ավտոսիրողներ: Հենց այդ մարդկանց են ստեղծողները համարում սոցցանցի պոտենցիալ լսարանը: