«Նրանք, ում մենք համարում ենք «Սասնա ծռեր», պարզվում է՝ շարքային հանցագործներ են». Գառնիկ Իսագուլյան
«Անկախ նրանից, թե այսօր ով ինչ է ասում, ինչ է գրում, պետք է ընդունել մի շատ պարզ ճշմարտություն. Նախորդ ամսի 17-ին տեղի ունեցավ ծանր հանցագործություն: Զինված խումբը հարձակվեց ՊՊԾ գնդի վրա, գրավեց գունդը, պատանդ վերցրեց նախ՝ ոստիկաններին, հետո՝ բժիշկներին, ու զոնհվեցին 3 ոստիկան: Զինյալ խմբից որևէ զոհ չունեցանք: «Սասնա ծռերի» քայլը ՀՀ-ի համար որևէ դրական արդյունք չտվեց»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» միակ նպատակն իշխանությունը վերցնելն էր. ««Սասնա ծռերը» կանխատեսել էին այս ամենը ու իրենց գործողությունների համար պատրաստել հաջորդ քայլը: Իհարկե, իրենց առաջին փուլի գործողությունները հիմնականում ձախողվեցին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 31-ից 7-ը կյանքում զենք չէին բռնել, և նրանցից շատերը տեղյակ չեն եղել, թե գիշերն ինչ գործողություն է կատարվելու, գրոհը զինված զորամասի վրա ենթադրում էր դիմադրություն, առաջին զոհերը հենց նրանք էին դառնալու: Այսինքն՝ նախատեսված էր, որ լինելու են զոհեր, և այդ զոհերի արյունը կշահարկեին ու մեծ մասսաներ կհանեին Երևանի փողոցներ: Նրանց այս պլանը չհաջողվեց»:
Իսագուլյանն ընդգծեց. «Նրանք, ում մենք համարում ենք «Սասնա ծռեր», պարզվում է՝ շարքային հանցագործներ են, որոնք 3-4 ժամ թույլ չեն տվել, որ վիրավոր մարդուն ցուցաբերվի բժշկական օգնություն. գնդապետը մահացել է: 3-4 ժամ նրան քարշ են տվել սենյակից սենյակ»:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն ասել էր, որ նման տեղեկությունները բացարձակապես սուտ են. «Այդպիսի որևէ փաստ չկա: Ամեն ինչ արվել է: Անմիջապես շտապօգնություն է կանչվել»:
Գ. Իսագուլյանն այն կարծիքին է, որ «Սասնա ծռերը» ղեկավարվել են դրսից և ունեն պլան Բ, որը չգիտի՝ կիրագործվի՞, թե՞ ոչ. «Ու ոչ միայն դրսի հայկական շրջանակների կողմից են ղեկավարվել, այլ նաև՝ արտերկրից: Պրոպագանդիստական աշխատանքը նույնպես ղեկավարվում է ինչ-որ կենտրոնից, որը որևէ կապ չունի մեր հասարակության ոչ սոցիալական, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական շահերի հետ»: