Ինչպես է մահացել գնդապետ Արթուր Վանոյանը. Վարուժան Ավետիսյանը մանրամասներ է ներկայացրել
Ոստիկանի զոհվելու փաստը պետք է որակել՝ դժբախտ պատահար: Այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանությանը՝ ասաց «Սասնա ծռերի» անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը.
«Ոստիկանը, բնականաբար, իր առանձնասենյակում է եղել, եղել է զորամասի պատասխանատու ու ներքին իր պարտականություններն է կատարել՝ զենքով պաշտպանելով իր զորամասի տարածքը: Մյուս կողմից՝ մենք իրացրել ենք մեր ապստամբության իրավունքը: Բազմաթիվ հորդորներ են եղել, որ՝ մենք ձեր դեմ ոչինչ չունենք, ձեր կյանքին, առողջությանը վտանգ չենք ուզում հասցնել, խնդրում ենք՝ մի կրակեք, բայց նա դատարկել է ամբողջ փամփշտատուփը: Նրան ոչ մեկը չի մեղադրել, նա կատարել է իր ծառայողական պարտականությունները, բայց մեր կողմն էլ իրացրել է իր ապստամբության իրավունքը:
Մերոնցից կարող էր զոհ լինել, վիրավոր է եղել մերոնցից, և, ցավոք, այդ դեպքը պատահել է ոստիկանի հետ: Ի պատիվ և հիշատակ նրա՝ մենք ,այստեղ եղած ոստիկանների հետ միասին, որպես սպաներ (մենք բոլորս սպաներ ենք)՝ կրակել ենք օդ, համապատասխան արարողակարգ ենք կատարել, սգացել ենք մեր, կարելի է ասել, ծառայակից ընկերոջ կորուստը»:
Ի դեպ, երեկ BlogNews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ելույթին՝ գրել էր .
«Ենիգոմշյանին ասեք, որ զոհված գնդապետի հիշատակը ոչ թե հարգել էր պետք, այլ պետք չէր թույլ տալ, որ նա 3 ժամ արնաքամ լինելով՝ մահանա, ու պատանդ պահել շտապօգնության մեքենայի վարորդին, ով եկել էր վիրավորներին հանելու»։
Այսօր ՊՊԾ շենքի տարածքում լրագրողների հարցին՝ ճի՞շտ է, որ թույլ չեն տվել շտապօգնության մեքենայով վիրավոր գնդապետին արագ տեղափոխել հիվանդանոց, և նա արյունաքամ է եղել, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է.
«Նման տեղեկությունները բացարձակապես սուտ են: Այդպիսի որևէ փաստ չկա: Ամեն ինչ արվել է: Անմիջապես շտապօգնություն է կանչվել: Նախ՝ այստեղի հերթապահ ոստիկանը, երբ մեքենան հարվածել է դարպասին, կարծելով, թե վթար է եղել, անմիջապես շտապօգնություն է կանչել և դուռը բաց է արել: Այսինքն՝ արդեն իր կանչելով շտապօգնությունը ժամանել էր, և էլի շտապօգնություն է եկել, ու բոլորին ժամանակին տեղափոխել են: Ուղղակի վնասվածքները ծանր են եղել, և գնդապետ Վանոյանը մահացել է»:
Տեսանյութը դիտեք 5:20 րոպեից: